News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ. 

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.

Ահա և անցավ 2018 թվականը: Սա մի տարի էր, որ մնալու է համաշխարհային և հայ ժողովրդի պատմության մեջ, յուրաքանչյուր հայի հիշողության մեջ՝ որպես ժողովրդի իշխանության հաստատման, քաղաքացիական արժանապատվության, լավատեսության ու պետականության հաղթանակի տարի:

2018-ը մի տարի էր, երբ հայաստանաբնակ թե սփյուռքահայ, մեծ ու մանուկ, կին թե տղամարդ, գյուղաբնակ թե քաղաքաբնակ՝ միավորվեցին մեկ ընդհանուր նպատակի շուրջ և կերտեցին մեկ ընդհանուր հաղթանակ, որն ի վերջո դարձավ ազգային միասնության մի բացառիկ նվաճում:

2018-2019 թվականների այս սահմանագծին ուզում եմ ձևակերպել, ուրեմն, այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. 2019 թվականը դարձնել նույնքան սիրելի ու հարազատ, նույնքան հիշարժան և հաղթառատ, որքան եղավ 2018 թվականը:

Եվ հարկ եմ համարում արձանագրել, որ անցնող տարին ոչ թե մեր հաղթանակների գագաթն էր, այլ ընդամենը ստորոտը, ոչ թե մեր երթի եզրագիծն էր, այլ ընդամենը մեկնարկը:

2019 թվականին մենք պետք է նվաճենք նոր բարձունքներ, արձանագրենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքում:

2019 թվականի մեր հիմնական խնդիրը տնտեսական հեղափոխությունն է, նրա արդյունքներն ավելի ու ավելի տեսանելի դարձնելը: Բայց եկող տարին նույնպես մեր հաղթանակների գագաթնակետը չի լինելու, ոչ թե այն պատճառով, որ մեր թռիչքը ցածր է լինելու, այլ այն պատճառով, որ մեր ազգային և պետական հավակնությունները լինելու են բարձր, ավելի բարձր, ավելի ու ավելի բարձր:

Սրանում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության առանցքային իմաստը: Երբ ժողովուրդը հավատում է իր միասնության ուժին, իր անցյալի և ապագայի ուժին: Մենք հավատում ենք մեր ամեն քաղաքացու ստեղծարար տաղանդին և 2019 թվականը պիտի դառնա հենց ստեղծարար տաղանդի հաղթանակի տարի, երբ ամեն անհատ, Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի, Հայաստան ներգաղթած ամեն մի հայ իրեն տեսնում է ոչ թե սպառողի, այլ արարողի դերում, ոչ թե հետևորդի, այլ առաջնորդի դերում, ոչ թե հարկ թաքցնողի, այլ հարկ վճարողի դերում, ոչ թե գործազուրկի, այլ աշխատողի դերում, ոչ թե աղքատի, այլ աղքատությանը հաղթողի, աղքատության հետ չհաշտվողի, աղքատությունը ստեղծարար մտքով, արդար աշխատանքով հաղթահարողի դերում:

2019 թվականը պետք է դառնա անհատական ջանքի հաղթանակի տարի, մտքի ու աշխատանքի համադրման տարի: Եվ ուրեմն, ամանորյա այս օրերին մեր տրամադրությունը պետք է նոր ուժով ու եռանդով լիցքավորի բոլորիս, նոր լավատեսությամբ և սիրով համակի մեր հայրենիքն ու ժողովրդին:

Սիրելի հայրենակիցներ,

Ամանորյա այս երեկոյին ուզում եմ առանձնահատուկ ողջույններ հղել առաջնագծում և սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ովքեր աչալուրջ հսկում են մեր ամանորյա անդորրը:

Ողջունում եմ Հայաստանի ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեներին իրենց ծառայական պարտականություններն են կատարում՝ ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը:

Ողջունում եմ մեր այն բուժաշխատողներին, էներգետիկայի, հեռահաղորդակցության, տրանսպորտի ոլորտի այն աշխատողներին, և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են աշխատանքային պարտականությունները կատարելիս:

Եվ ի վերջո ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Ժպտացեք իրար, սիրելի՛ հայրենակիցներ, որովհետև Նոր տարին, ահա, եկավ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ