News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոյանը դատական նոր հայց են ներկայացրել՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի։

Այս անգամ դատավորները վիճարկում են Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու հարցը։ Նրանք դիմել են վարչական դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Գագիկ Հարությունյանին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ–ի 2018թ. մարտի 5-ի գործողությունները։

Դատարանը հայցադիմումը ստացել է 2018թ. դեկտեմբերի 25–ին և գործը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին։ Գործով երրորդ անձ է ներգրավվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։

Այս կապակցությամբ NEWS.am–ը զրուցեց ԲԴԽ–ի դեմ հայց ներկայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի հետ։

Ինչո՞ւ եք կարծում, որ Գագիկ Հարությունյանի ընտրությունը ոչ իրավաչափ է եղել։

Սահմանադրության և դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կազմից, հետո հաջորդաբար նոր գիտնականներից, սակայն, երբ որոշվեց, թե ով պետք է լինի ԲԴԽ նախագահ (խոսքը Գագիկ Հարությունյանի մասին է-խմբ.),  Դատական օրենսգրքում անցումային դրույթներ ավելացրին, որով սահմանվեց, որ ԲԴԽ նախագահը պետք է ընտրվի գիտնականների կազմից։

Քանի դեռ Սահմանադրությամբ տվյալ դրույթը չի փոփոխվել, չի կարելի այլ իրավական ակտով այդ դրույթը փոփոխել։

Մենք պահանջում ենք անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի՝ Գագիկ Հարությունյանին ԲԴԽ նախագահ ընտրելու որոշումը։

Ինչո՞ւ ԲԴԽ–ի որոշումից  9 ամիս անց որոշեցիք հայց ներկայացնել։

ԲԴԽ–ի այդ որոշումն անմիջականորեն առնչվում է մեր իրավունքներին, Գագիկ Հարությունյանը՝ որպես դատական խորհրդի նախագահ, նիստեր է վարում, որոշումներ կայացնում։ Նա ի սկզբանե Սահմանադրական օրենքի խախտմամբ է ընտրվել խորհրդի նախագահ և այդ որոշումը պետք է անվավեր ճանաչվի։

Այսինքն, կասկածի տակ եք դնում Գագիկ Հարությունյանի լեգիտիմությո՞ւնը։

Այո, մենք համարում ենք, որ Դատական օրենսգիրքը խմբագրվեց Գագիկ Հարությունյանի անձով պայմանավորված, որ հենց նա ընտրվի ԲԴԽ նախագահ։

Մենք՝ հայցվորներս, կարծում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն այն դերակատարությունը չունեցավ, որը պետք է ունենար. այստեղ կա թե՛ սուբյեկտիւվ, և թե՛ օբյեկտիվ գործոն , կան խորքայի խնդիրեր, որոնք պետք է վերհանել։

 Ի՞նչ եք ակնկալում Վարչական դատարանից։

Մենք հավատում ենք, որ արդարադատությունն անպայման կհաղթի, պետք է այստեղ ինչ–որ մի բան փոփոխի։ Մենք այս կերպ ազդակ ենք հղում իրավական աշխարհին, մենք ասում ենք մի բան, որի մասին բոլորը խոսում են իրենց աշխատասենյակներում կամ սրճարաններում։ Մեր նպատակն է, որ այս հարցը քննության առարկա դառնա դատարանում։

Հիշեցնենք, որ ներկայումս դատարանում է քննվում նաև Ալեքսեյ Սուքոյանի ու Կարինե Պետրոսյանի՝ ԲԴԽ–ի որոշումներից մեկն անվավեր ճանաչելու պահանջու պահանջի մասին հայցը։ Դեռևս 2018թ. օգոստոսի 13-ին քաղաքացիական գործեր քննող երկու դատավորները հայցադիմում էին ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր  ճանաչել «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի  ԲԴԽ–ի  որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը։

Նշենք, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Քվեարկության արդյունքում չեն ընտրվել քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ինչից հետո նրանք դիմել են դատարան, ինչը հայաստանյան դատական պրակտիկայում աննախադեպ երևույթ է: Նշենք, որ Սնանկության գործեր քննող դատարանը գործելու է 2019 թ. հունվարի 1-ից՝ անկախ դատավորների գործով կայացված դատական ակտի արդյունքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ