News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայրենիքի սահմաններից դուրս, հետխորհրդային երկրներում ապրող հայերից շատերը կարծում են, թե դեռեւս Խորհրդային Միությունում են ապրում: Հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Երեւանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ մեկնաբանելով հայազգի մի քանի ներկայացուցիչների մասնակցությամբ Կարագանդայի աղմկահարույց միջադեպը:

Բաբայանի կարծիքով, սակայն, նրանք մոռանում են այն մասին, որ այս երկրները միմյանցից սաստիկ տարբերվում են, իսկ Խորհրդային Միությունն այլեւս չկա: Այս երկրներից յուրաքանչյուրն իր ձեւաչափն ունի, իր ազգային մենթալիտետը, եւ եթե այնտեղ ես ապրում, միեւնույն է՝ հյուր ես մնում եւ պետք է նրանց օրենքներն ընդունես»,- արձանագրեց Բաբայանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ Հայաստանը պաշարներ չունի, որպեսզի անհրաժեշտության դեպքում իր մոտ ընդունի իր բոլոր հայրենակիցներին, եւ քննադատեց  դիրքորոշումն ու կարգախոսները, որոնք բոլորին կոչ են անում հայրենիք վերադառնալ: «Ես շատերին եմ ծանոթ, որոնք հեղափոխությունից հետո Ռուսաստանից եւ այլ երկրներից հայրենիք վերադարձան, սակայն ստիպված էին կրկին հեռանալ, քանի որ այստեղ ուղղակի աշխատանք չկա»,- հավելեց Ռուբեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ի գիշերը Կարագանդայի «Հին Հռոմ» ռեստորանում հայերի մասնակցությամբ վեճ է տեղի ունեցել, որը վերափոխվել է խմբակային ծեծկռտուքի: Դրա ընթացքում մեկ մարդ է մահացել, եւս երեքը դանակահարվածների հետեւանքով տարբեր վնասվածքներ են ստացել: Քաղաքում անցկացվել են հակահայկական հանրահավաքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ