News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը

Մոսկվայի քաղաքաշինական-հողային հանձնաժողովը, որը գլխավորում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, համաձայնել է մայրաքաղաքում Հայ կաթոլիկ եկեղեցու առաջին տաճարի կառուցման համար հողատարածք հատկացնել Հարավային Բուտովոյում։ Այս մասին հայտնում է «Մոսկոմստրոյինվեստ»-ի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«0,7 հա մակերեսով հողատարածքը 9 տարով անհատույց օգտագործման համար կփոխանցվի Հայկական կաթոլիկ եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորչի համայնք» տեղական կրոնական կազմակերպությանը՝ տաճարի եւ կրոնամշակությանի կենտրոնի նախագծման եւ կառուցման համար»,- «Մոսկոմստրոյինվեստ»-ի նախագահի պաշտոնակատար Անաստասիա Պյատովայի խոսքերն է փոխանցում մամուլի ծառայությունը։ Տաճարի ընդհանուր մակերեսը կարող է 1000 ք/մ կազմել, հոգեւորականների տան մակերեսը՝ 850 ք/մ։

Ներկայում Մոսկվայում գործող բոլոր հայկական տաճարները պատկանում են Հայ առաքելական եկեղեցու Ռուսական եւ Նորնախիջեւանյան թեմին։ Դրանք են Սուրբ Պայծառակերպությունը եւ Սուրբ Հարությունը, ինչպես նաեւ Սուրբ Գեւորգ ժամատունը։ ՌԴ արդարադատության նախարարության տվյալներով՝ Հայ կաթոլիկ եկեղեցու համայնքը, որպես կրոնական խմբավորում, չուներ իր սրբավայրերը եւ պատարագներ էր մատուցում մոսկովյան Սուրբ Լյուդովիկի եւ Սուրբ Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցիներում։ Այսպիսով, նոր տաճարը Հայ կաթոլիկ եկեղեցու համար առաջինը կլինի ժամանակակից Ռուսաստանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին ԽՍՀՄ-ում փակվել էին այս դավանանքի բոլոր տաճարները։

Ռուսաստանում ապրող հայ կաթոլիկներն իրենց հոգեւոր կենտրոն են համարում Մոսկվան, որտեղ 19-րդ դարից գոյություն է ունեցել իրենց համայնքը, իսկ այսօր գտնվում է Ռուսաստանում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առանձնատունը՝ ասվում է փորձագիտական խորհրդի նյութերում։ Հայ կաթոլիկ համայնքը Մոսկվայում 500 ընտանիքներ է միավորում։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանում հասշվվում է այս կրոնի 100 հազար հետեւորդ։

Հայ կաթոլիկ եկեղեցին Արեւելյան կաթոլիկ եկեղեցիներից մեկն է, որ պահպանել է եկեղեցական իր սեփական ծեսը, սակայն աղոթքային հարաբերությունների մեջ է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի համայնք» տեղական կրոնական կազմակերպությունը, 2009 թվականից սկսած, միջոցներ է ձեռնարկել իր գործունեությունը Ռուսաստանում գրանցելու համար, ինչը հաջողվել է 2012 թվականին՝ մի շարք դատական նիստերից հետո։ Արեւելյան Եվրոպայում ապրող հայ կաթոլիկներին միավորում է 1991թ․ հիմնադրված Արեւելյան Եվրոպայի միաբանությունը, որի կենտրոնը Գյումրիում է։ Այս եկեղեցու կազմի մեջ է ընդգրկված նաեւ Գրիգոր Լուսավորչի մոսկովյան համայնքը, որի ղեկավարը քահանա Գեւորգ Նորատունկյանն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել