Պաշտպանները կբողոքարկեն Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը
Դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած նոր միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
Նա նշեց, որ դատարանը չի անդրադարձել պաշտպանական կողմի՝ դեռևս 2018թ. դեկտեմբերի 26–ին ներկայացրած գրավի միջնորդությանը, այլ մերժել է կալանքը երկարաձգելու ՀՔԾ–ի միջնորդությանը պատասխան ներկայացված գրավի նոր միջնորդությունը։ Օրբելյանը նշեց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո այն կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում։
«Այս պահին տրամաբանական չէ գրավի վերաբերյալ նոր միջնորդություն ներկայացնելը, որովհետև դատարանն արդեն դիրքորոշում է հայտնել»,– ասաց նա՝ չբացառելով, որ հաջորդ շաբաթ փաստաբանական թիմը կքննարկի նոր միջնորդություն նեկայացնելու հարցը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը որոշում կայացրեց բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը և ևս երկու ամիս ժամկետով երկարաձգել երկրորդ նախագահի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները եւ անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի մեկի» քրեական գործով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: