Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարեւորագույն որոշումներ:
«Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում եւ պաշտոնական հռչակագրերում:
Նախեւառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, եւ հայտնել, որ որոշել եմ կարդալ եւ ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, եւ մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները եւ 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը։
Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.
2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:
Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն եւ, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս աեււտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման եեւ փոխադարձ առեւտրի համոզիչ աճ:
ԵՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ եւ ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Մեւնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն եւ ակտիվացնեն ԵՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար»,-հայտարարել է Փաշինյանը:
Նշենք որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:




























