News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 25-ին, Էջմիածնում Գարեգին Երկրորդ կաթողիկոսն ընդունեց Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից․ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Շնորհավորելով պրն. Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առիթով` Նորին Սրբությունը մաղթեց, որ նրա պաշտոնավարումը նշանավորվի բարի արդյունքներով երկրի բարօր ու օրհնյալ կյանքի համար:

Վեհափառ Հայրապետը, խոսելով պետական, ազգային և հասարակական կյանքում Ազգային ժողովի կարևոր դերակատարության մասին, մասնավորապես շեշտեց օրենսդրական կարգավորումներով հայրենի երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և առաջընթացի ապահովման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի և խորհրդարանական դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը: Նորին Սրբությունը հավելեց, որ օրենքները պետք է ստեղծվեն սիրով և ծառայեն բարուն` նպաստելով պետության զորացմանն ու զարգացմանը, ժողովրդի կյանքում բարիքի առատացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Ազգային ժողովի պատգամավորների կրթադաստիարակչական առաքելությանը, քաղաքական բանավեճերը և քննարկումները փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում վարելու կարևորությանը, ինչը նաև դաստիարակչական նշանակություն պիտի ունենա և բարի օրինակ լինի աճող սերնդի համար:

Ամենայն Հայոց Հայրապետը անդրադարձ կատարեց նաև Մայր Աթոռի և ՀՀ Ազգային ժողովի միջև ձևավորված համագործակցությանը` նշելով, որ Եկեղեցու առաքելությունը ծառայությունն է ժողովրդին: Այս իմաստով Նորին Սրբությունը հաստատեց, որ ինչպես անցյալում, այնպես և այսօր Հայոց Եկեղեցին շարունակելու է իր օգտակարությունը բերել օրենսդիր մարմնին ազգային, կրոնական, հասարակական խնդիրներին վերաբերող հարցերում, նպաստել Հայաստանի և Սփյուռքի ներուժի համախմբմանը հանուն հայրենիքի պայծառության, խաղաղ ու ապահով կյանքի:

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ հասարակությունը մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունի 7-րդ գումարման Ազգային ժողովից: Տիար Արարատ Միրզոյանն իր մտորումները ներկայացրեց առկա մարտահրավերների հաղթահարման գործում խորհրդարանի առաքելության և պատգամավորների դերակատարության առնչությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահը ևս կարևորեց Եկեղեցի-պետություն համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական, սոցիալական ծրագրերը, տեղեկություններ փոխանցեց Եկեղեցու գործունեության վերաբերյալ:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերստին իր օրհնությունն ու մաղթանքները բերեց ՀՀ ԱԺ նախագահին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ