News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բագրատաշենի մաքսատանը իրավիճակը չի հանդարտվում: Թուրքիայից ավտոբուսով եկած եւ մաքսային անցակետի ելումուտը փակած առեւտրականները NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ անցակետը փակել են առավոտյան ժամը 11-ի սահմաններում, քանի որ իրենց թույլ չեն տալիս մտնել Հայաստան:

«Այս պահին սահմանին կանգնած է 6 ավտոբուս, որոնք «պլոմբել են» ու թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Օրենքը փոխել են եւ նախկին 50 կգ-ի փոխարեն թույլատրվում է 25 կբ բեռ անցկացնել առանց մաքսազերծման, բայց հիմա 25 կգ էլ չեն թողնում անցկացնել: Պահանջում են, որ պետք է մեր անձնագրերում ունենանք Թուրքիայի կնիքը, որ Թուրքիայից ենք գալիս: Բայց բանն այն է, որ որոշ ապրանքներ ավտոբուսը բերել է առանց ուղեւորների: Բեռի տերերը եկել են Վրաստանի փոստից ստացել են իրենց բեռը եւ ուզում են վերադառնալ Հայաստան, բայց թույլ չեն տալիս: Ասում են մեկ կգ-ի համար 4 եվրո պետք է վճարեք»,-ասաց առեւտրականներից մեկը:

Նա ընդգծեց, որ հիմա նույնիսկ այն մարդիկ, որոնք ունեն Թուրքիայի կնիքը, էլի չեն կարողանում մտնել Հայաստան, քանի որ ավտոբուսներն ամբողջությամբ պլոմբել են եւ չես կարող որեւէ բեռ առանձնացնել:

Ցույցի մասնակիցները նշեցին, որ ժամը 17-ի սահմաններում իրենց բացել են ճանապարհը, բայց չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում, քանի որ ոչ ոք իրենց բանի տեղ չի դնում, հարցերին չի պատասխանում:

«Մենք այստեղ ենք երեկ երեկոյան ժամը 9-ից: Մաքսատան ծառայողներն ասում են, որ ձեր խոսքը մեզ համար արժեք չունի: Ոչ մի պատասխան չեն տալիս: Սկզբում ասացին, որ կխոսեն կառավարության ներկայացուցիչների հետ, ինչ-որ լուծում կտան, իսկ հիմա լրիվ արհամարհում են: Անհույս վիճակ է, ոստիկանները ուշադրություն չեն դարձնում մեզ վրա: Անգամ քիչ առաջ մի մեքենայի վարորդ մեր ուղեւորներից մեկին վրաերթի ենթարկելով քշեց անցավ սահմանը: Ոստիկանները կանգնած էին, նույնիսկ չմոտեցան, իսկ ուղեւորի համար շտապօգնություն ենք կանչել: Մենք չպատկերացրինք, ովքեր էին»,-ասաց առեւտրականներից մեկը՝ հավելելով, որ ոստիկանները շատ կոպիտ են վարվում իրենց հետ, սպառնում են, որ կձերբակալեն, եթե ճանապարհը չբացենք, անգամ փորձ եղավ ակցիայի մասնակիցներից մեկին առեւանգելու:

«Թուրքիայից ենք եկել, բերել ենք ուղեբեռը, մինչեւ 25 կգ: Մենք համաձայնել ենք, որ 25 կգ լինի: Մարդիկ կան, որոնք Թուրքիայից իրենց բարեկամների համար բեռ են ուղարկել: բեռի տերերը Հայաստանից եկել, ստացել են իրենց բեռը, ուզեցել են օրինական մտնեն Հայաստան, բայց սահմանում թույլ չեն տալիս: Ասում են՝ Թուրքիայի կնիքը չկա, չենք թողնում: Քանի որ չունեք Թուրքիայի պեչատ, ուրեմն չենք կարող անցկացնել, պետք է մաքսազերծեք 4 եվրոյով»,-ասաց նա՝ հավելելով, որ հիմա քանի որ ճանապարհն էլ բացվել է, իրենց հույսը մնացել է այն, որ մաքսատան ղեկավարները մի որոշում կընդունեն իրենց վերաբերյալ:

Նշենք, որ մի քանի օր առաջ եւս առեւտրականները փակել էին մաքսակետի ելումուտը, որը բացվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորով:

Այս առնչությամբ, նախօրեին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ երբ նախորդ տարի 50 կգ չափաքանակի նորմը ներմուծեցին, տարվա վերջին տեսան, որ մարդիկ իրենց անձնական օգտագործման մեքենաներով ներկրման հնարավորությունը դիտարկել են որպես բիզնես իրականացնելու շատ կարճ ճանապարհ:

«Հիմա, երբ 50 կգ-ն իջեցվեց 25 կգ-ի, մենք հարցը քննարկել ենք նաեւ վարչապետի հետ եւ ռիսկի պրոֆիլներ պետք է ներմուծենք եւ հաճախականություն սահմանելով, փորձենք կանոնակարգել նաեւ 25 կգ-ներով ներմուծումները»,-ասել է Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով Բագրատաշենի անցակետում ստեղծված իրավիճակին, երբ մարդկանց բեռը Թուրքիայից եկել է Վրաստան, իսկ էնտեղից չեն կարողանում բերել Հայաստան, ՊԵԿ նախագահն ասել էր. «Եթե ես փոստով պատվիրում եմ ինչ-որ մի դեղ, ինչո՞ւ եմ պատվիրում, որ դա գա Վրաստան, էնտեղից ինչ-որ մեկը բերի»:

Դիտարկմանը, որ միանգամից Հայաստան բերելու դեպքում ավելի թանկ է, քանի որ կգ-ն մոտ 4 դոլար է, Անանյանն արձագանքեց. «Պետք է քննարկել, որ եթե միանգամից Հայաստան գային, մաքսային ձեւակերպում պետք է ունենային, թե չունենային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ