News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն այսօր՝ հունվարի 30-ին, Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ այսպես է արձագանքել փաստաբանական ծառայությունները ԱԱՀ–ից ազատելու առաջարկին։

«Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»,– ասաց նա։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանիր հակադարձեց, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է եւ լուրջ պիտակավորում է»,–նշեց նա։ 

Ֆինանսների փոխնախարարն էլ նկատեց, որ ինքը միայն երեւույթը նկատի ուներ եւ հայցեց գործընկերոջ ներողամտությունը՝ իրավաբանական սխալ տերմիններ կիրառելու համար։

Փոխնախարարը իր փաստարկները փորձեց հիմնավորել առողջապահական ծառայությունների օրինակի վրա, նշելով, որ պլաստիկ վիրահատության համար սահմանված ցածր հարկային բեռը տեղին չէ, դրա կարիքը այդ ծառայություններից օգտվողները չունեն. «Այսօր առողջապահական ծառայություններն ազատված են ԱԱՀ–ից, բոլոր տեսակի առողջապահական ծառայությունները՝ պլաստիկ վիրահատությունից մինչեւ առաջին անհրաժեշտության առողջապահական ծառայությունները, մենք ազգովի սուբսիդավորում ենք մեկին, որ գնա իր բարեմասնությունները կարգի բերի, նորմա՞լ է, որ չենք կարողանում սրտի ստենտավորումը 100 տոկոսով պետպատվերով ապահովենք, բայց սուբսիդավորում ենք մարդկանց, որի կարիքը նրանք ընդհանրապես չունեն»։

Նշենք, որ Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով փաստաբանների, խորհրդատուների եւ հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել: Նախագծի համաձայն` փաստաբանները ընդհանուր հարկման ռեժիմ են տեղափոխվելու, 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն 20% ԱԱՀ են վճարելու:

Տպել
Ամենաշատ