News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական եւ ծխական, ինչպես նաեւ հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ:

Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել «Հրաշափառ»-ի արարողություն: Եկեղեցու առջեւ Ամենայն Հայոց Հայրապետին խաչվառներով, դրոշակներով եւ բարիգալստյան պաստառներով դիմավորել են հոգեւոր դասը եւ թեմական եւ ծխական խորհրդների անդամներ, երգչախմբերի անդամներ, դպրոցական աշակերտներ եւ սկաուտներ:

Աղ ու հացի օրհնության արարողությունից հետո Վեհափառ Հայրապետը շարականների երգեցողության ներքո հանդիսավորապես մուտք է գործել եկեղեցի, ուր Հայոց Հովվապետի օրհնաբեր այցին սպասում էին ավելի քան 400 հավատացյալներ: Օրհնելով բարեպաշտ հայորդիներին` Նորին Սրբությունն ուղղվել է դեպի Սուրբ Խորան, ուր կատարվել է Եկեղեցու երկրպագության կարգը:

Այնուհետեւ հանուն եկեղեցական դասին, թեմական, ծխական խորհուրդների եւ համայն ավստրալահայության Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունել եւ բարի գալուստ է մաղթել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` հրավիրելով Նորին Սրբությանն իր հայրական օրհնությունը բաշխելու ներկա ժողովրդին:

Իր պատգամի բնաբան ընտրելով «Ինչպես որ ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, այնպես էլ ընթացե՛ք Նրանով՝ արմատավորված եւ կառուցված Նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ» առաքելական հորդորը` Ամենայն Հայոց Հայրապետը ողջունել է Ավստրալիայում բնակվող եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներին` գոհաբանությամբ առ Աստված նշելով, որ տարիներ անց Տերը վերստին շնորհ է պարգեւել այցելելու Ավստրալիա եւ Քրիստոսահիմն ու լուսավորչահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ու լույսը բերելու նրանց, սերն ու քաջալերանքը հայրենաբնակ եղբայրների ու քույրերի:

«Դարերի ընթացքում դժվարություններ ու փորձություններ է դիմագրավել մեր ժողովուրդը, ցեղասպանության հետեւանքով ցրվել աշխարհով մեկ, բայց ամենուր, առաքյալի պատվերի համաձայն, պահպանել է հավատարմությունը առ Աստված, համբերել նեղությունների եւ գովարժան գործերով բարձրացրել իր կյանքը: Ինչպես որ աշխարհասփյուռ հայ համայնքներում, այստեղ՝ Ավստրալիայում նույնպես հայ համայնքի պատմությունը եղել է փորձությունների հաղթահարում, նոր հաջողությունների կերտում, Հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն ու հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հավատարմության գովելի վկայություն: Դուք այստեղ համախմբվել եք աշխարհի տարբեր հայ համայնքերից եւ բերելով ու պահպանելով ձեր ավանդույթները, դրանց գեղեցիկ բազմազանությամբ հարստացրել ու բարեզարդել եք Սիդնեյի համայնքը: Անցյալ դարի կեսերից այստեղ ծուխի հաստատումը եւ Սուրբ Հարություն եկեղեցու հիմնումն ու նրա շուրջ համախմբումը առավել աշխուժացրեց ազգային եւ հոգեւոր-եկեղեցական կյանքը Սիդնեյի հայ համայնքի: Ծխական կյանքի առաջընթացին մեծապես նպաստեցին հայալեզու դպրոցների բացումը, տիկնաց եւ երիտասարդաց միությունների, տարեցների խնամքի կազմակերպության հաստատումը, ազգային, բարեսիրական եւ մշակութային բոլոր այն կառույցները, որ հիմնադրվել եւ գործում են ձեր ջանքերով:

Այսօր դուք նույն նախանձախնդիր ոգով զորացնում եք ազգային-եկեղեցական ձեր կյանքը, շեն ու բարօր պահում ձեր եկեղեցին, ազգային, մշակութային հաստատությունները: Բարեպաշտ ձեր ընթացքը դուք զարդարում եք եկեղեցանվեր գործերով, մանուկ սերնդի հոգատար դաստիարակությամբ՝ ջանալով ձեր զավակների հոգում սերմանել հավատքն առ Աստված եւ սերը առ ազգն ու հայրենին, որպեսզի նրանք էլ՝ արմատավորված Քրիստոսին, ընդունեն Աստծո շնորհները եւ շարունակեն մեր ժողովրդի` Քրիստոսին հավատարիմ ազգային իրենց կյանքը: Ձեր ջանքերի բարի արդյունքները բերկրությամբ են լցնում համայնքի յուրաքանչյուր անդամի հոգին, ինչպես նաեւ Հայրապետիս սիրտը», - ասել է Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը:

Վեհափառն ընդգծել է, որ թեմական ու ծխական կյանքի աշխուժությունը, հոգեւոր-եկեղեցական անդաստանի բարեզարդությունը Աստծուց օրհնյալ պտուղներն են ավստրալաբնակ հայորդիների աստվածասիրության, ազգասիրության ու հայրենանվիրումի: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձել է հայրենիքի հանդեպ հայ համայնքի կողմից մշտապես դրսեւորվող սիրուն եւ զորակցությանը` հաստատելով , որ զորեղ սփյուռքը նաեւ ուժ եւ զորություն է հայրենիքին, ինչպես հայրենիքը ուժ եւ զորություն է սփյուռքի համար, երաշխավորը սփյուռքի գոյատեւման եւ պայծառության:

Հայոց Հովվապետը քաջալերել է հայորդիներին հանապազ ընթանալ Քրիստոսով, մեր հայրերի ավանդներով, հայրենյաց ջերմ սիրով: «Սիրելիներ, ձեր հոգեւոր միասնականության մեջ է, որ արթուն կմնա ձեր եւ ձեր զավակների աստվածասեր, ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, քանզի այդ միասնականությամբ են ձեր հայրերը դիմակայել բոլոր փորձություններին, հաղթահարել բոլոր դժվարությունները, այդ միաբանությամբ եւ դուք պիտի զորացյալ պահեք ազգային կյանքը Սիդնեյ քաղաքում եւ արդյունավորեք ձեր սերը առ հայրենին եւ սերը դեպի մեր Սուրբ Եկեղեցին եւ նրա Աստվածակառույց հոգեւոր սուրբ կենտրոն Սուրբ Էջմիածինը», - հավելել է Հայոց Հայրապետը` նշելով, որ հայրենիքից հեռու՝ բազում մարտահրավերներ կան նրանց կյանքում, դժվարություններ հատկապես նոր սերնդին ազգային ոգով ու նկարագրով կրթելու, եկեղեցական կյանքում ներգրավված պահելու գործում:

Նորին Սրբությունը հաստատել է, որ տարակույս չունի, որ առկա բոլոր խնդիրներով հանդերձ հայորդիները պիտի շարունակեն մեր ժողովրդին հատուկ քաջությամբ ու տոկունությամբ պահպանել հոգեւոր ու ազգային արժեքները, հաստատուն ու անխաթար պահել իրենց բարեպաշտ կյանքը:

Իր գնահատանքը բերելով ամենքին ազգային-համայնքային ու եկեղեցական կյանքում իրենց նվիրյալ ծառայության ու հոգատար ջանքերի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է, որ Տերը բարօրության մեջ պահի Ավստրալիան եւ նրա բարեպաշտ ժողովրդին, իր շնորհներով օրհնի համայն մեր ժողովրդին իր խաղաղ ու պայծառ գալիքը կերտելու եւ հավատքով ամուր միշտ փառավորելու Երկնավորին:

Պատգամի ավարտին, Հայրապետական մաղթերգի երգեցողությունից հետո հավատավոր հայորդիները հնարավորություն են ունեցել մոտենալու Նորին Սրբությանը եւ համբուրելու նրա Սուրբ Աջը եւ ստանալու նվեր խաչիկներ:

Այնուհետեւ Սուրբ Հարություն եկեղեցու սրահում տեղի է ունեցել հանդիպում ժողովրդի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
Ամենաշատ