News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սույն թվականի փետրվարի 7-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց բազմավաստակ գիտնական, երկրաբան, պետական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Ասլանյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` ընդգծելով Աշոտ Ասլանյանի մեծ ներդրումը երկրաբանական գիտությունների զարգացման գործում:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆայել Մելքոնյանը իր զեկույցում ներկայացրեց Աշոտ Ասլանյանի մեծ գիտական ուղին եւ պատվավոր տեղը հայրենական գիտության երախտավորների շարքում:

Աշոտ Ասլանյանը 1941 թ-ին ավարտել է Երեւանի պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը եւ մեկնել ռազմաճակատ, 1941-1943 թթ-ին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: Ծանր վիրավորվելուց հետո զորացրվել է բանակից: Նա զբաղեցրել է բարձր պաշտոններ` 1965-1966 թթ-ին եղել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտոր, 1966-1975 թթ-ին` բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության մինիստր, 1975-1987 թթ-ին` Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն: 1965 թ-ին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 1986 թ-ին` Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:

Նրա ղեկավարության տարիներին Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց լեռնա-մետալուրգիական ֆակուլտետ, սեյսմատեկտոնիկայի պրոբլեմային լաբորատորիա: Բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրի պաշտոնը զբաղեցնելիս նա մեծ ավանդ է ունեցել բարձրագույն դպրոցի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ԲՈՒՀ-երում գիտահետազոտական աշխատանքների ընդլայնման, մի շարք նոր ֆակուլտետների, ամբիոնների եւ լաբորատորիաների կազմակերպման գործում:

«Աշոտ Ասլանյանը բազմակողմանի գիտնական էր եւ վստահորեն կարելի է ասել, որ նա բացառիկ երեւույթ էր հայրենական երկրաբանությունում», - նշեց Ռաֆայել Մելքոնյանը:

Չափազանց կարեւոր էին Աշոտ Ասլանյանի տեսական աշխատանքները, որոնք գտնվում էին մեծ երկրաֆիզիկայի եւ մոլորակագիտության սահմանագծում: Այդ աշխատանքներում տրվեցին լիթոսֆերայի ֆիզիկա-մեխանիկական բնութագրերի քանակական գնահատականները Երկրի միջուկի, կեղեւի խտության, մասսայի, ձեւի, ծավալի եւ միջին տեսակարար կշռի էվոլուցիայի հաշվարկային որոշումները նրա գոյության 4.5 միլիարդ տարիների ընթացքում:

Աշոտ Ասլանյանը Նյու-Յորքի ակադեմիայի անդամ էր, երկու անգամ զբաղեցրել է մոլորակագետների Միջազգային ասոցիացիայի փոխպրեզիդենտի պաշտոնը, եղել է ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասի չորրորդական ժամանակաշրջանի ուսումնասիրության հանձնաժողովի նախագահ:

Ակադեմիկոս Ասլանյանն արժանացել է բարձր պետական պարգեւների` Հայրենական Մեծ պատերազմի 1-ին եւ 2-րդ աստիճանների շքանշան, Աշխատանքային Կարմիր Դրոշի երեք շքանշան, Ժողովուրդների բարեկամության շքանշան: Նա պարգեւատրվել է Գերմանիայի Միներալոգիական ընկերության Աբրահամ Վերների անվան մեդալով, ՍՍՀՄ Աշխարհագրական ընկերության Սեմյոնով-Տյանշանսկու անվան մեդալով:

«Աշոտ Ասլանյանը կյանքից հեռացավ 1989 թ-ին` թողնելով աշխարհին իր գիտական հարուստ ժառանգությունը», - նշեց Ռաֆայել Մելքոնանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ