News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հացադուլը շարունակվելու է այնքան, քանի դեռ չի հավաքվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար անհրաժեշտ գումարը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողներին ասաց կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որ ԱԺ բակում բողոքի ակցիա էր անում։

Նրա խոսքով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2015 թվականին պարտավարություն է ստանձնել 30 տոկոսի չափով մասնակցելու հայ–գերմանա–բուլղարական «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորմանը, ընդունել է ֆինանսավորման հայտը, որտեղ նշված է կոնկրետ գումար՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին ապօրինաբար դադարեցրել է ֆինանսավորումը։

«2016 թվականին իրականացրել է պարտավորության մի մասը, 2017 թվականին եւս իրականացվել է, իսկ 2018 թվականին ֆինանսավորման հայտը մերժվել է։ Հայտը մերժվելուց հետո ես սկսել եմ հացադուլ, որովհետեւ համարել եմ, որ հայտը ապօրինաբար է մերժվել»,–պատմեց ռեժիսորը։

Նա մանրամասնեց, որ ֆիլմից նկարահանվել է 40 րոպե նյութ։ «Մշակույթի նախարարությունը հրավիրել է գերատեսչական հանձնաժողովի նիստ եւ ընդունել սխալը, որ հայտը մերժվել է ապօրինաբար։ մենք դատական գործընթաց ենք սկսել, սակայն մյուս կողմը ձգձգում է նիստը՝ շատ լավ հասկանալով, որ այդպիսով տապալում է ֆիլմը»։

Կինոռեժիսորը չի ցանկանում, որ այս նախագիծը, որը 200 մլն դրամի ներդրում է ենթադրում, տապալվի. «Ես չեմ ուզում այս ամեն ինչը վերածել շոուի։ Ես կարող եմ իմ վրանում պառկել, լայվ միացնել, ջուր չխմել եւ ոչ մի բան չանել։ Բայց ես կինոռեժիսոր եմ, ես ուզում եմ մարտի 1-ին գնալ կինոհրապարակ, որ Հայաստանը չկորցնի 200 մլն դրամի ներդրում»։

Դիտարկմանը, թե նախորդ անգամ, երբ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո դադարեցրեց հացադուլը, Մակունցի կողմից կոնկրետ հանձնարարական եղե՞լ է, քանի որ Ազգային կինոկենտրոնում պնդում են, որ իրենց հստակ հանձնարարական չի տրվել, նա պատասխանեց. «Տրվել է շատ հստակ հանձնարարական, ոչ գրավոր, ցավոք սրտի, բայց բանավոր, բայց քանի որ դա ձայնագրվում էր, ես խնդրում եմ եւ պահանջում եմ, որ Մակունցը հրապարակի այդ ձայնագրությունը, որ կինոկենտրոնի տնօրենը Մակունցին չմեղադրի ստախոսության մեջ։ Եղել է շատ հստակ հանձնարակական ֆինանսավորումը վերսկսել եւ կնքել 55 մլն դրամի պայմանագիրը, որ 15 միլիոնի պայմանագիրը հետարտադրության համար կնքվի եւ հաստատել ժամանակացույցը»։

Հովհաննես Գալստյանը վստահ է՝ եթե Մակունցը չի հրապարակում ձայնագրությունը, վտանգի տակ է դնում իր անունը. «Իսկ ես դուրս եմ եկել հացադուլից, նորից վերադառնում է հացադուլի»։

Նա պնդում է՝ կինոյի պետական կառավարման մոդելը Հայաստանում կինոարտադրության ամենամեծ թշնամին է։

Կինոռեժիսորը Ազգային ժողովից ուղղվեց կառավարություն։ Նա հայտարարեց՝ ջրադուլի կդիմի ծայրահեղ դեպքում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ