News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է միջազգային ուրբանիստական համաժողով կազմակերպելու հարցը:

Այս առնչւթյամբ, քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպե՞ս անել, որ քաղաքի զարգացման ծրագրերն ու բարեփոխումները դառնան տնտեսական խոշոր հեռանկարների հիմք: Երեւանում գտնվող Moscow Urban Forum-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Երեւանի հիմնախնդիրները, զարգացման ծրագրերն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով համանման համաժողով կազմակերպել Երեւանում: Մասնագետները կարծում են, որ կարճ ժամանակահատվածում Երեւանը կարող է դառնալ արագ զարգացող ժամանակակից քաղաք:

2012թ.-ից ի վեր անցկացվող Moscow Urban Forum-ը յուրաքանչյուր տարի տարբեր մասնագետներ է ներգրավում աշխարհի տաբեր երկրներից՝ նպատակ ունենալով ձեւավորվել գլոբալ քաղաքային օրակարգ, ներկայացնել միջազգային վերջին քաղաքաշինական միտումները, որոնք նպաստում են քաղաքային կայուն զարգացմանը, ինչպես նաեւ հարթակ է հանդիսանում խոշոր քաղաքների ղեկավարների, փորձագետների, ներդրողների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ հանդիպումների ու գաղափարների փոխանակման համար:

«Կարծում ենք՝ այս փուլը Երեւանի համար քաղաքական առումով ամենահարմարն է փոփոխությունների իրականացման համար, քանի որ քաղաքային իշխանությունը վայելում է բնակիչների համակրանքն ու վստահությունը: Յուրաքանչյուր բարեփոխում իրականացնելիս նախեւառաջ պետք է մտածել, թե ի՞նչ կտա այն քաղաքի տնտեսական զարգացմանը, ինչն էլ իր հերթին քաղաքին կապահովի ուրույն դիրք աշխարհի քաղաքների շարքում: Հիմա աշխարհում երկրների զարգացումն ու մրցունակությունը դիտվում է պետության խոշոր քաղաքի օրինակով եւ չափվում կյանքի որակի, տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության զարգացմամբ: Փոփոխությունների նման ռազմավարություն որդեգրելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որն, ինչպես երեւում է, Երեւանն այսօր ունի», - Երեւանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Moscow Urban Forum-ի ծրագրերի տնօրեն Վասիլի Աուզանը եւ հավելեց, որ համաշխարհային չափորոշիչներով մի քանի խմբերի բաժանվող առաջադեմ քաղաքների շարքում Երեւանը, վստահաբար, կարող է հայտնվել այնպիսի քաղաքների խմբում, ինչպիսիք են Սինգապուրը, Թել-Ավիվը, Լյուքսեմբուրգը կամ Տալլինը:

Երեւանը, որն աշխարհի հայության միավորող օղակն է, ունի հարուստ ժառանգություն, որը կարելի է համադրել նորարարությունների եւ սթարթափ նախագծերի հետ ու ստանալ հետաքրքիր արդյունք:

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները հավանություն տվեցին քաղաքաշինական համաժողով անցկացնելու գաղափարին եւ նախաձեռնությունն իրականացնու նպատակով պայմանավորվեցին շարունակել շփումները մոսկովյան կողմի հետ:

Տպել
Ամենաշատ