
ԱՄՆ-ը չպետք է թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «պառակտում սերմանել բարեկամների միջեւ եւ ՆԱՏՕ-ի շարքերում»՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ելույթ ունենալով Բուդապեշտում՝ Պետդեպի ղեկավարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է ավելի ներգրավված լինի տարածաշրջանի (Կենտրոնական Եվրոպայի) գործերում։
ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ նշել էր, որ Հունգարիա, Սլովակիա եւ Լեհաստան Պոմպեոյի ուղեւորության նպատակը ԱՄՆ-ի կողմից Կենտրոնական Եվրոպայի երկրների հետ անբավարար աշխատանքը (որը դռներ է բացել տարածաշրջանում Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության ուժեղացման համար) փոխհատուցելու փորձն է։
«Մեր դիվանագիտական շփումները ուղղված են նրան, որ մրցակցենք դրական ազդեցության համար եւ տարածաշրջանում մեր դաշնակիցներին ցույց տանք, որ ԱՄՆ-ը աջակցում է նրանց եւ հետաքրքրություն է ցուցաբերում նրանց հանդեպ, որպեսզի այլընտրանք ներկայացնի Չինաստանին եւ Ռուսաստանին»,- հավելել է նա։