News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով 10BestLook-ին:

Լավագույն լողափեր, ծովային ջուր, հիասքանչ տեսարաններ ու լիակատար հանգիստ. ահա ինչ է սպասվում զբոսաշրջիկներին, որոնք որոշել են այցելել այդ կղզիներից մեկը:

«Դրախտային» կղզիների ցուցակում հայտնվել են հունական Սանտորինի կղզին, Փխի-Փխին Թայլանդում, Ֆիջին, Մավրիկին, ինդոնեզական Բալին, Հավայան կղզիներում տեղակայված Մաուին, Յամայկան, Բորա Բորան, Մալդիվներն ու Սեյշելյան կղզիները: Պարբերականը համառոտ պատմել է այդ հիանալի վայրերից յուրաքանչյուրի առավելությունների մասին:

Սանտորինի կղզին հայտնի է իր սպիտակ տներով՝ երկնագույն դռներով եւ տանիքներով: Այնտեղ կան քնած հրաբխեր, այդ պատճառով սեւ ավազով լողափերն այստեղ հաճախակի են հանդիոպում:

Թայլանդում՝ Կրաբի նահանգում, տեղակայված է փոքր կղզիախումբ՝ Փխի-Փխի անունով, որը կազմված է վեց կղզիներից: Այդ վայրն աշխարհում հանրաճանաչ է դարձել Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ «Լողափ» (The Beach) ֆիլմի շնորհիվ: Սպիտակ ավազը, թափանցիկ ջուրը եւ հիանալի լանդշաֆտները դարձրել են այս կղզին Թայլանդ այցելող զբոսաշրջիկների շրջանում սիրելի հանգստավայր:

Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիջի հանրապետությունը կազմված է ավելի քան 300 կղզիներից. դրանցից յուրաքանչյուրը գեղեցիկ է յորուվի: Տեղաբնակները ջերմորեն ողջունում են զբոսաշրջիկներին, որոնք այստեղ կարող են զբաղվել դայվինգով, սնորքելինգով, սերֆինգով կամ ձկնորսությամբ:

Իսկ Մավրիկի կղզին համարվում է Հնդկական օվկիանոսի թանկարժեք քարը: Ձյունաճերմակ լողափերը եւ երկնագույն ջուրը ստեղծում են ամենառոմանտիկ միջավայրը: Կղզին շրջապատված է կորալային խութերով, այդ պատճառով դիմակով լողալը բազում դրական տպավորություններ կթողնի:

Բալիում կան բազմաթիվ զվարճանքներ՝ սկսած սերֆինգից, վերջացրած բազմաթիվ վանքեր այցելություններով: Ինդոնեզիայում ամբողջ աշխարհի զբոսաշրջիկներին գրավում են գեղեցիկ լողափերը, հետաքրքրասեր կապիկներով բնակեցված հիասքանչ անտառները եւ հրաշալի տեսարժան վայրերը:

Հավայան կղզիները հայտնի են իրենց ոսկեգույն լողափերով եւ բամբուկի անտառներով: Մաուի կղզում կա հրաբխի խառնարան, սակայն զբոսաշրջիկներն առավելապես գնահատում են այդ կղզին արեւոտ եղանակի եւ փիրուզագույն ջրի համար:

Յամայկայի լողափը կղզու գլխավոր տեսարժան վայրն է: Այստեղ ճանապարհորդները կարող են վայելել ոչ միայն հանգիստը լողափում, այլեւ ծանոթանալ կղզու մայրաքաղաք Քինգստոնի հարուստ մշակութային կյանքին:

Բորա Բորայում տիրում է իսկական գեղեցկություն. այստեղ հնարավոր է տեսնել թափանցիկ երկնագույն ջրում տարատեսակ ձկներ, կրիաներ եւ շնաձկներ: Այստեղ ջրասուզության եւ արմավենիներով խիտ անտառներում զբոսանքի համար լավագույն միջավայրն է: Սակայն այս հանգստավայրի ամենակարեւոր առանձնահատկությունն իր հիանալի երկնագույն ծովածոցն է:

Հնդկական օվկիանոսի կենտրոնում տեղակայված է ավելի քան հազար կղզիների շարքը: Ձյունաճերմակ ավազը, գերող հանդարտությունը եւ իդեալական կլիման Մալդիվներին հաղորդել են աշխարհում ամենադրախտային վայրի համբավը:

Սեյշելներում ներառված են 115 կղզիներ, որոնք տեղակայված են Հնդկական օվկիանոսում: Բազմաթիվ զույգեր նախընտրում են Սեյշելները պսակադրության կամ մեղրամսի համար: Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով, ծովային ձկնորսությամբ եւ զբոսանավ վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ