News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նախարար Արսեն Թորոսյանի՝ 2019թ․ հունվարի 25-ին ընդունած որոշումը, որով հաստատվում են  բժշկական կազմակերպություններին տրվող պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման պայմանագրային գումարները։

Aysor.am-ը ուսումնասիրել է փաստաթուղթը եւ հրապարակել որոշ տվյալներ, ըստ որոնց՝  առողջապահության նախարարը 2,5 անգամ ավելի պետական հատկացում է նախատեսել իր տիկնոջ կլինիկայի համար։

Ըստ այդ փաստաղթի՝ Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված «ՄԻԲՍ» ընկերությունը 2019թ. կստանա 57.04 մլն դրամ պատվեր։ մինչդեռ անցած տարի նույն ընկերության պատվերի ծավալը կազմում էր 22.72 մլն դրամ։ Փաստորեն՝ նախարարն իր հետ առնչվող ընկերության պետական ֆինանսավորումը մեծացրել է շուրջ 2.5 անգամ։

«ՄԻԲՍ»-ը մասնավոր կլինիկա է, որ մատուցում է մագնիսա-ռեզոնանսային շերտագրման ծառայություններ։ Ընկերությունը մինչև նախարար դառնալը գլխավորում էր Արսեն Թորոսյանը։ Այսօր որոշ տվյալներով՝ ընկերության ղեկավարը նրա կինն է՝ Վարդուհի Թևանյանը։

Արսեն Թորոսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից գումար կստանա երկու ուղղությամբ. 41.34 մլն դրամ «ՄԻԲՍ»-ը կստանա «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» իրականացնելու համար։ Նույն նպատակով հանրապետության մարզային 11 առողջապահական հաստատությունների պետությունը կհատկացնի 83.2 մլն դրամ։

Պատվերների երկրորդ ուղղությունը նույն ծառայությունն է՝ նախատեսված զինծառայողների համար։ Այս նպատակով Արսեն Թորոսյանի տիկնոջ ղեկավարած ընկերությունը նույն Թորոսյանի ղեկավարած գերատեսչությունից կստանա 15.68 մլն դրամ։ Համեմատության համար նշենք, որ զինծառայողների համար նույնատիպ ծառայությունների նպատակով պետությունը մարզային 7 առողջապահական հիմնարկների կհատկացնի տասն անգամ պակաս գումար՝ 1.6 մլն դրամ։

Բացի այս՝ կայքը պարզել է նաեւ, որ առողջապահության նախարարությունը որոշել է ավելի քան մեկ միլիարդ դրամով կամ 62%-ով ավելացնել Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ» ԲԿ-ի ֆինանսավորումը, այն 2019-ին պետբյուջեից կստանա 2.64 մլրդ դրամ։

Ըստ աղբյուրի՝ անհամաչափ բաշխում է նախատեսված նաեւ մարզերում․ վարչապետի ծննդավայր Իջևանի ԲԿ-ն 2019-ին կստանա 265,1 մլն դրամ ֆինանսավորում, ինչը նախորդ տարվանից ավելի է 59.0 մլն դրամով։ Իսկ, օրինակ, նույն մարզի սահմանամերձ Բերդի ԲԿ-ն կստանա նախորդ տարվանից 4.4 մլն դրամ պակաս՝ 201.4 մլն։

Տպել
Ամենաշատ