News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեր վարչապետը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, այն բառերը, որոնց ընդունելի հայերեն համարժեքները կան: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Դա նկատում են մարդիկ, նկատում եմ նաեւ ես, եւ պատճառը չգիտեմ ինչն է: Նա ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է, դա բոլորիս հետ է այդպես»,-ասաց նա:

Գյուրջինյանի խոսքով, օտարամոլությունը չի նահանջել նաեւ Երեւանի փողոցներից, ավելին, կենտրոնի որոշ հատվածներ կարծես Հայաստան չլինեն. «Դա օտարամոլության ցուցիչ է, նաեւ չտեսության:  Հայերենի պահպանության հարցում մարզերում վիճակը շատ ավելի լավ է, նրանք հայերենն ավելի ամուր են պահում»,-ասաց նա:

Դավիթ Գյուրջինյանը փոխանցեց, որ Լեզվի կոմիտեն քաղաքացիներից եւ ՀԿ-ներից բողոքներ է ստացել եւ ինքը հարկադրված դատական վարույթ հարուցելու հրաման է ստորագրել. «Մարդիկ չեն հասկանում խոսքը, ուրեմն պիտի պատասխան տան ըստ օրենքի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության համապատասխան կետը չկատարելու վերաբերյալ եթե դատարանն ընդունի այդ գործը եւ վճիռ ներկայացնի, կտուգանվեն 250 հազար դրամով, արժանի են: Եթե մարդուն ասում ես, չի հասկանում, կես մլն էլ կարելի է»,-ասաց նա:

Գյուրջինյանը համոզված է, որ լեզվական ավելի լավ որակ ունենալու համար ժամանակ է պահանջվում եւ դա հնարավոր է իրականացնել միահամուռ ջանքերով:

Բանախոսն ասաց, որ Լեզվի կոմիտեն համագործակցում է կայքերի եւ պարբերականների, Հանրային հեռուստաընկերության եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի հետ Ֆեյսբուքյան էջում շարունակաբար տեղադրվում են բառերի ճիշտ գրությունները, անընդհատ կապ կա հանրության հետ, ինչը նպաստում է այս գործընթացին:

Մարտի 30-ին Հայաստանում եւ Հայաստանից դուրս ցանկացողները կգրեն թելադրություն՝ հայոց լեզվի իրենց իմացությունը ստուգելու նպատակով: Լեզվի կոմիտեում կգրվի թելադրության բնագիրը, իսկ կոմիտեի աշխատակիցները կմասնակցեն ստուգման աշխատանքներին:

Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. ծրագրում ներառված են նաեւ լեզվական պետական քաղաքանությանն առնչվող դրույթներ:

Ըստ դրանց՝ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրեւ ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար: Հեռուստատեսային եթերը պետք է մաքրվի հանրային հանրային հարաբերություններին փոխադարձ արգշհամարհանքի եւ ագրեսիվության ենթատեքստ հաղորդող բովանդակությունից, ինչպես նաեւ լեզվական ցածրորակ արտադրանքից:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ