Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար. խոստանում են աշխատավարձերի բարձրացում եւ աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում եւ աշխատատեղերի կրճատում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Խոստանում են սեր եւ համերաշխություն, քարոզում են ատելություն:

Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն: Շարքը երկար է:

Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին:

Նրանք, որոնք ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում: Սա աբսուրդ է:

Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջեւ,այլ նաեւ մարտահրավեր է պետության հիմքերին եւ անվտանգությանը:

Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին:

Այո՛, համբերության բաժակը լցվել է, եւ սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը,այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Հ.Գ. Ամոթ է... Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել:

Մտածե՛ք,պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ հեղափոխության նախակարապետներն են, իրենց կյանքը զոհասեղանին են դրել, ապստամբել են պետությունը զավթած ազգադավ ու ցեղասպան ռեժիմի դեմ: Նա նաեւ ընդգծել էր, որ համբերության բաժակը լցվել է եւ եթե Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը չազատվեն, մեր ժողովրդի առավել արժանապատիվ ու գիտակից հատվածը կպարտադրի ապստամբության իրավունքի ճանաչումն ու ապստամբների ազատությունը»:

Համբերության բաժակը լցվել է. Սեֆիլյան