News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Ես իրավիճակը բնութագրում եմ որպես իրավական մշակույթի վակուում կամ իրավական մշակույթի իսպառ բացակայություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը՝ խոսելով ԵՊՀ–ի շուրջ ձեւավորված իրավիճակի մասին։

Նա շեշտեց՝ ավելի ծայրահեղ որակումներ է հակված տալու. «Հոգաբարձուների խորհրդի անդամները մեկ օր ժամանակ ունեին, որ բացատրեին, թե ինչու է փետրվարի 28-ին հրավիրվել խորհրդի նիստ՝ ռեկտորի պաշտոնանկության օրակարգով, սակայն դրա մասին հանրությունը տեղեկացել է փետրվարի 25-ին։ Միթե դա հանրության համար բացարձակապես հետաքրքրություն չներկայացնող տեղեկատվությո՞ւն էր, որ Մայր բուհի ռեկտորի պաշտոնանկության մասին մինչեւ այժմ որեւէ հաստատում չկա»։

Ռուբեն Մելիքյանի համար տարակուսելի է, թե ինչու են նույն հոգաբարձուների խորհրդի անդամները հավանություն տվել ռեկտորի աշխատանքին, ապա նրա պաշտոնանկության հարցը բարձրացրել. «Հունվարի 21-ին հոգաբարձուների խորհրդի նիստում միաձայն հաստատվել է ռեկտորի հաշվետվությունը 2018 թվականի համար։ Այս մեկ ամսում ի՞նչ է փոխվել, որ բարձրացել է նման հարց»։

Համալսարանական ինքնավարության մասով նա ասաց. «Այն, որ հոգաբարձուների ուղիղ կեսը նշանակվում է պետության կողմից, խնդրահարույց է։ Ինձ չի հետաքրքրում, թե ում օրոք է այս օրենքն ընդունվել, ինձ՝ որպես համալասարանականի, հետաքրքրում է, որ դա նորմալ կարգավորում չէ, այդպիսի ինքնավարություն չի լինում։ Այսպիսի պայմաններում էլ իրավունք են իրենց վերապահում առանց որեւէ հիմնավորումների բարձրացնել ռեկտորի հրաժարականի հարցը»,–եզրափակեց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ այսօր բողոքի ցույց է անցկացվել ԵՊՀ–ի դիմաց «Ես համալսարանական եմ» կարգախոսով։ Մասնակիցները բողոքում էին ԵՊՀ–ում ստեղծված լարված իրավիճակի դեմ։

Տպել
Ամենաշատ