News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Ռանչպար գյւողում այսօր` մարտի 16-ին, գյուղացիների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի կին և նշեց, որ Ավշարի դպրոցում արդեն 5 օր է դասապրոցեսը դադարեցված է:

Մարզպետը փորձեց բացատրել, որ  դպրոցի խորհրդի կողմից նոր տնօրեն է ընտրվել, ինչին կինը ընդմիջեց և նշեց, որ դպրոցի տնօրենը ոչ թե ընտրվել է, այլ` նշանակվել:

‹‹Տնօրենն ընտրվել է 7 կողմ, 1 ձեռնպահ ձայներով: Առաջին օրը ուսմասվարի հետ կապված ներքին  խնդիրներ են առաջացել` աշխատելու-չաշխատելու հետ կապված: Այսօր սակայն ծնողները, դպրոցի աշխատակիցները, աշակերտները  ասում են, որ այդ տնօրենը պետք է չաշխատի: Բայց այս հարցն ամեն ինչով օրինական է լուծվում››,- ասաց մարզպետը:

Բողոքող կինն էլ ավելացրեց, որ նորանշանակ տնօրենը դպրոց է եկել ուղղորդված և իր հետ դպրոց է բերել նոր ուսմասվարի, ով մարզպետին բարեկամական կապով կապված է.‹‹Ինչքան գիտեմ նա մարզպետի մորաքրոջ հարսն է››:

Վրդովված մարզպետը խառնվեց խոսակցությանը . «Դե վերջացրեք էլի, ինչ լինում ա, մորաքրոջ հարսն ա,  արդեն 10-րդ մորաքրոջ հարսն ա››: 

Սակայն  մարզպետն, այնուամենայնիվ,  չժխտեց, որ իսկապես խոսքն իր մորաքրոջ հարսի մասին է. ‹‹Ում անունը, որ շոշափվում է, իրականում իմ մորաքրոջ հարսն է: Բայց ոչ մի փոփոխություն, ոչ մի ներկայացում չի եղել››:

Վարչապետին մոտեղած կինը ասաց, որ նախկին ուսմասվարը, ով դեռ թոշակառու էլ չէ, նոր տնօրենը շատ կոպիտ ձեւով ասել է, որ պետք է դուրս գա, քանի որ ինքը բերում է  իրեն վստահելի մեկին:

Մարզպետն ասաց, որ այդ խոսակցությունից հետո հարցը փակվել է եւ ոչ մեկ աշխատանքից չի ազատվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կծանոթանա խնդրին:

Տպել