News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը այսօր՝ մարտի 17–ին, մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիկոպոս Մութաֆյանի վերջին օծման և հուղարկավորության արարողություններին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Պատվիրակության կազմում էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Արարողության ընթացքում Խաժակ արքեպիսկոպոսն ընթերցեց Գարեգին Երկրորդի վշտակցության խոսքը․

«Այսօր առ Բարձրյալը, հավիտենական կյանքի երանավետ հանգրվան ենք ուղեկցում ի Տեր ննջեցյալ Ամենապատիվ Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով տարաժամ ավարտեց իր երկրավոր ընթացքը՝ բարի հիշատակ թողնելով հավատավոր հայորդյաց սրտերում:

«Զի եթէ տնկակից եղեաք նմանութեան մահո՛ւ նորա. այլ եւ յարութեա՛ն նորա լինիցիմք» (Հռ. Զ 5),- ասում է առաքյալը Քրիստոսի հավատարիմ հետևորդների կյանքի ընթացքի ու վախճանի մասին: Հարության ու հավիտենական կյանքի տերունական խոստման մխիթարական այս գիտակցությամբ է, որ լուսահոգի Պատրիարքին ճանապարհում ենք դեպի երկնից լուսեղեն օթևանը:

Մեսրոպ Պատրիարքը ավանդաշատ Պոլսո հայ համայնքի զավակն էր՝ ծնվելով ու հասակ առնելով պոլսահայ ընտանիքում, դաստիարակվելով եկեղեցանվիրումի ու ազգանվիրումի ոգով: Մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին իր կյանքն ընծայելու տեսլականով նա մուտք գործեց եկեղեցական ասպարեզ և ծառայանվիրումի ուխտ կնքեց՝ իր հոգու սերն ու նվիրումը բերելով հավատացյալ հայորդյաց: Լուսահոգի Մեսրոպ Սրբազանի տարիների վաստակյալ առաքելությունը մեծապես արժևորվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր խնամքի ներքո գտնվող հայորդիների կողմից, ովքեր, որպես արտահայտություն հարգանքի ու գնահատանքի, նրան ընտրեցին Հայոց Պատրիարք: Լուսահոգի Պատրիարքը կարևոր ծառայություն իրականացրեց, սպասավորեց երբեմն դժվարին պայմաններում՝ ջանք ու եռանդ ներդնելով, որպեսզի ծաղկուն մնա Հայոց Պատրիարքությունը, շեն լինեն եկեղեցիները, նորոգ առաջընթաց ապրի Պատրիարքության հայորդյաց ազգային-եկեղեցական կյանքը:

«Ո՛չ է մարդ իշխան ոգւոյ, եւ ո՛չ գոյ իշխանութիւն նորա յաւուր մահուան» (Ժող. Ը 8),- ասում է Սուրբ Գիրքը: Դժվարին հիվանդությունը, ցավոք, երկար տարիներ մահճին գամեց Պատրիարք Սրբազանին, և նա չկարողացավ օգտակար ծառայությունը շարունակել հավատացյալ իր հոտի համար: Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվում է հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգևում Իր հավատարիմ սպասավորներին:

Վստահ ենք, որ Պատրիարքության Մեր սիրեցյալ ժողովրդի զավակները, միասնաբար հաղթահարելով կորստյան ցավը, ամուր պիտի պահեն իրենց միաբանությունը, սերը, համերաշխությունը և ձեռնամուխ լինեն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական Աթոռի՝ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պայծառության գործին, որպեսզի այն շարունակի իր ծառայությունը հավատավոր Մեր ժողովրդին:

Հայրապետական Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ծառայասեր հոգևոր դասին և բարեպաշտ Մեր զավակներին, որ միշտ սիրով ու հավատարմությամբ փարված են մեր Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նախանձախնդիր են, որպեսզի Եկեղեցին շարունակի իր առաքելությունն արդյունավորել Մեր ժողովրդի համազգային կյանքի անդաստանում:

Թող երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Մեսրոպ Պատրիարքը, և Ամենագութն Աստված Սուրբ Հոգու մխիթարության բյուր շնորհներով սփոփի բոլոր վշտացյալ սրտերը:

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին»։

Տպել