News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սմբատ Սաիյանը հյուրերին ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները եւ ընդգծել, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները դրանցից մեկն են:

«Մեր երկրում նշված ոլորտում աշխատանքներն իրագործվում են երկու ուղղությամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգերի ու մեխանիզմների կատարելագործում եւ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման ընդհանուր ընթացակարգերի վերանայում՝ հիմքում ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման մեխանիզմները»,- նշել է նախարարի տեղակալը:

Նախարարության պաշտոնյաները դեսպանին ներկայացրել են նաեւ հաշմանադամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները՝ աջակցող սարքերի տրամադրում, դրամական նպաստներ եւ այլն:

Պարոն Սաիյանը զրույցի ընթացքում առանձնացրել է ոլորտի երկու կարեւոր խնդիր՝ ոլորտի ապաինստիտուցիոնալացումն ու այլընտրանքային ծառայությունների մակարդակի եւ որակի բարելավումը: Խոսվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության մասին: Պարոն Սաիյանն ընդգծել է, որ ՀԿ-ների դերը ոլորտի զարգացման, խնդիրների վերհանման, ինչպես նաեւ՝ լուծումներ գտնելու հարցում անգնահատելի է:

«Ամեն ինչ շահառուի համար, ամեն ինչ մարդու համար. սա այն ելակետն ու սկզբունքն է, որն ունի նախարարությունը սոցիալական պաշտպանության ոլորտում իրագործվող աշխատանքների եւ ծրագրերի հիմքում»,- ասել է նախարարի տեղակալը:

Դեսպան Մակոնենը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ նախարարության ծրագրերի վերաբերյալ հանգամանալից ներկայացման համար եւ նշել, որ պատրաստակամ են համագործակցել եւ աջակցել՝  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ