News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եթե Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի շենքի մոտ 400 քառակուսի մետրը գնորդը ցանկացել է գնել եւ անհատույց տրամադրել վարչական շրջանին, ապա ինչու է նա այդ տարածքը հեղափոխությունից հետո տրամադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը՝ անդրադառնալով վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի այն պնդմանը, որ չնայած թաղապետարանի այդ հատվածը վաճառվել է, սակայն գտնվել է թաղապետարանի տրամադրության տակ։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ շենքի օտարումից՝ 2008 թվականից մինչ այժմ այդ հատվածն իրոք օգտագործվել է որպես վարչական շրջանի շենք, սակայն զավեշտալին այն է, որ այդ 10 տարվա ընթացքում 3 գնորդ է փոխվել։ Այսինքն՝ եթե առաջին գնորդի հետ նույնիսկ պայմանավորվածություն կար, որ այդ հատվածը անհատույց պետք է տրամադրվի վարչական շրջանին, ապա եղե՞լ է արդյոք նման պայմանավորվածություն մյուսների հետ։ Չնայած չեմ կարծում, թե գնորդն այնքան հիմար լիներ, որ ներդրում կատարեր եւ անհատույց տար վարչական շրջանին։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ առաջին գնորդն Ռուսլան Բաղդասարյանի ընկերն էր, երկրորդ գնորդն իրենց աշխատակիցն էր, երրորդ եւ ներկայիս գնորդն Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հարազատ եղբոր՝ Արտյոմ Գեւորգյանի աներորդին է»։

Վարչական շրջանի ղեկավարը մանրամասնեց, որ Ռուսլան Բաղդասարյանը Արթուր Գեւորգյանի հետ բարեկամական կապեր ունի. «Արթուր Գեւորգյանը Դավթաշենի առաջին թաղապետը՝ Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին է, Ռուսլան Բաղդասարյանը՝ Ռուբեն Գեւորգյանի քրոջ որդին է»։

Նա նաեւ նկտաեց, որ եթե գնորդը ցանկանում էր անհատույց տրամադրել վարչական շրջանին, ինչո՞ւ հեղափոխությունից հետո այդ հատվածը տրամադրվեց Բռնցքամարտի ֆեդերացիային, որը հենց այս պահին գործում է վարչական շրջանի շենքում․ «Երբ պարոն Ռուսլան Բաղդասարյանը հասկացավ, որ այլեւս չի ղեկավարելու վարչական շրջանը, միանգամից այդ բանավոր պայմանավորվածությունները չեղարկվեց, իսկ ներկայիս սեփականատերը այն անհատույց հանձնեց Բռնցքամարտի ֆեդերացիային»։

Միքայել Թումասյանը շեշտեց՝ եթե ներկայիս սեփականատերը այնքան հայրենասեր է, որ ցանկանում է այդ հատվածը անհատույց տրամադրել վարչական շրջանին, ապա ինքը պատրաստ է ընդունել. «Եթե սեփականատերն այնքան պատրիոտ է, որ ցանկանում էր մեծ գումար վճարել եւ ձեռք բերեր վարչական շենքի օտարված հատվածն ու անհատույց տար վարչական շրջանին, ես այժմ պատրաստ եմ լրիվ անհատույց ընդունել այդ հատվածը եւ օգտագործել որպես վարչական շրջանի շենք»։

Դավթաշեն վարչական շրջանի ներկայիս ղեկավարը չհերքեց, որ վարչական շենքի մի հատվածում մոտ 8 ընտանիք է ապրում, սակայն հավելեց, որ նրանք ինչպես բնակվել են, այնպես էլ բնակվելու են. «Ես այսօր հանդիպել եմ բնակիչներից մի քանիսի հետ, հետագայի համար պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ իրենց ոչ ոք ձեռք չի տալու, բայց թաղապետարանի շենքի հարակից հողատարածքների մասով մենք ծրագրեր ունենք, այնտեղ ցանկանում ենք ներդրումային ծրագրեր իրականացնել, այդ հատվածում կառուցել բարձրահարկ շենքեր, եւ թաղամասի այլ հատվածում կառուցվի վարչական շրջանի նոր շենք։ Արդեն կան 5 հոգի պոտենցիալ ներդրողներ, որոնք ամեն վայրկյան պատրաստ են սկսել աշխատանքները»։

Նրա խոսքով՝ բնակիչները համաձայնել են ապագայում կառուցվող այդ նորակառույց շենքում իրենց ներկայիս բնակարաններին համարժեք քառ. մետրով նոր բնակարաններ ստանալ, իսկ թաղապետարանի շենքը, Միքայել Թումասյանի խոսքով, շատ հին է ու վթարային, եւ նախատեսվում է այն քանդել. «Տվյալ վայրում կկառուցվի բարձրահարկ շենքեր, իսկ թաղապետարանի նոր շենքի համար մենք արդեն ունենք տարածք, մեր ճարտարապետներն արդեն իսկ աշխատում են նախագծի վրա»։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ Դավթաշեն եւ Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը Երեւան համայնքին չի պատկանում՝ հավելելով, որ փաստի առիթով նյութեր են պատրաստվել եւ փոխանցվել քննչական մարմիններին: Այս հարցով NEWS.am-ը դիմել էր Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին՝ խնդրելով մեկնաբանել այդ հայտարարությունը, որին ի պատասխան նա նշել էր. «Դավթաշենի թաղապետարանում 8-10 բնակիչ տներ են կառուցել, ապրում են, ծրագրավորման ընկերություն կա։ Այս հատվածները տարբեր մարդկանց վաճառվել են 1996 թվականից սկսած։ Վերջին տարածքը 10-12 տարի առաջ է վաճառվել։ Ասեմ ավելին՝ ես իմ ղեկավարման տարիներին փորձել եմ մնացած հատվածի համար էլ լավ գնորդ գտնել ու վաճառել, որովհետեւ համարում էի, որ այդ շենքը նպատակահարմար չէ վերանորոգել, ավելի լավ է վաճառել եւ նոր շենք կառուցել։ Թաղապետարանի շենքը ոչ նորմալ պատուհաններ ուներ, ոչ էլ ջեռուցվում, եւ գնորդներից մեկը, որը գնել էր վերջին հատվածը՝ 300 քառ. մետրը, պարտավորվել էր նաեւ իր միջոցներից ջեռուցել ամբողջ շենքը, այդ թվում՝ այն հատվածը, որը պետական է եւ որտեղ նոր եկածները տաք–տաք նստում են, ինչպես նաեւ պատուհանները փոխել է, չհաշված, որ բակային տարածքն է ամբողջությամբ հիմնանորոգվել։ Բացի այդ, բանավոր պայմանավորվածության արդյունքում այդ մարդը թույլ է տվել իր գնած շենքում 10 տարի համայնքին գործունեություն ծավալել։ Վա՞տ գործարք է եղել»։

Տպել