News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գազավորված ըմպելիքների, գրավատների եւ փոխանակման կետերի վերաբերյալ փոփոխությունների փաթեթները դեռ քննարկման փուլում է և կարող է փոփոխվել։ Այս մասին այսօր՝ մարտի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ փորձագետների կարծիքով, վերոնշյալ բիզնեսների պետտուրքի և ակցիզային հարկի բարձրացումը կարող է սպանել փոքր ու միջին բիզնեսները, եւ բազմաթիվ մարդիկ կարող են մնալ գործազուրկ Ջանջուղազյանը պատասխանել է. «Կլինի վերաբաշխում, մի տնտեսվարողը կդիմանա, մյուսը չի դիմանա կփակվի, բայց եթե նման ծառայության պահանջարկ կա, այն կբավարարվի»։

Ջանջուղազյանի խոսքով՝ պետտուրքի եւ ակցիզային հարկերի բարձրացումը բյուջեի եկամուտներն ապահովելու խնդիր է լուծում։

«Մենք ունենք հայտարարված ուղղություն, որ պատրաստվում ենք հարկերի բեռը թեթևացնել, որովհետև դրա մեջ ենք տեսնում տնտեսության աճի բանալին։ Իսկ ուղղակի հարկերի բեռի նվազեցումն առնվազն կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում ենթադրում է ռիսկ, որ պակաս բյուջեի եկամուտներ կհավաքվեն։ Այդ պակաս հավաքված եկամուտները չեն կարող ուղղակիորեն հանգեցնել ծախսերի նվազեցմանը։ Իսկ քանի որ մենք ունենք պարտքի սահմանափակում, հետևաբար, շեշտադրումը պետք է տեղափոխենք կապիտալի և եկամտի հարկումից՝ սպառման հարկերին»,– ասել է նախարարը։

Արդյոք սպառման հարկը բարձրացնելը չի՞ հանգեցնի գնաճի՝ հարցին Ջանջուղազյանը պատասխանել է. «Իրավիճակը չի կարող մի կողմից գնահատվել։ Իհարկե, կարող ենք ձեռք չտալ, սպառման հարկը չբարձրացնել, բայց ո՞րն է ավելի առաջնահերթ՝ եկամտահարկի դրույքաչափի նվազեցո՞ւմը, թե՞ ծխախոտի և խմիչքի գների հնարավոր աճը՝ ակցիզային հարկի բարձրացմամբ պայմանավորված։ Մեր գնահատմամբ՝ դրանք անհամադրելի են»։

Հիշեցնենք, որ համաձայն շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում է 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները, ապա նշվել է, որ խոսքը բոլոր գազավորված ըմպելիքներին է վերաբերում։

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է նաև 60 անգամ ավելացնել տարեկան վճարվող պետական տուրքը գրավատների և փոխանակման կետերի համար։ Այսինքն` նախագիծը կյանքի կոչվելու դեպքում գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000 դրամի փոխարեն 3 մլն դրամ պետտուրք։ Նախագիծն առաջարկել է Կենտրոնական բանկը (ԿԲ) ու նաև սահմանել, որ բանկերի 3 մլն պետտուրքը պետք է դառնա 7 մլն դրամ։

Տպել
Ամենաշատ