News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Արամուս համայնքի  Վ․ Առաքելյանի միջնակարգ դպրոցի աշակերտներն այսօր՝ մարտի 22-ին դասադուլ  են սկսել՝ պահանջելով, որ իրենց դպրոցի տնօրեն նշանակվի փոխտնօրեն Փիլիպոսյան Անդրեյը։

Առավոտից աշակերտներն իրենց ծնողների հետ հավաքվել էին դպրոցի բակում և վանկարկում էին իրենց պահանջը։

NEWS.am-ի հետ զրույցում աշակերտների ծնողները հայտնեցին, որ դպրոցի նախկին տնօրեն Ֆրունզ Պողոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է։ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում Փիլիպոսյան Անդրեյը և Պողոսյան Նոնան հավասար ձայներ են հավաքել։ Կրկնակի քվեարկության ամփոփման պատասխանները նույնն են։

Նշենք, որ կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու  դեպքում  հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում  նախարարություն է ուղարկում տնօրենի պաշտոնի թեկնածուների  անձնական գործերի պատճենները, և արդեն նախարարությունն է ընտրում  հավակնորդներից որևէ մեկին՝ հաշվի առնելով նշված փաստաթղթերը,  և առաջարկություն է ուղարկում լիազոր մարմնին։

Ծնողները վստահ են, որ նախարարությունը նախապատվություն է տալու Պողոսյան Նոնային, որը Աբովյանի դպրոցներից մեկում մինչև այդ դասվար է եղել, և որին իրենք չեն ճանաչում, այդ պատճառով էլ նախապես դիմել են նախարարություն՝ խնդրելով նշանակել Փիլիպոսյան Անդրեյին։

«Փիլիպոսյան Անդրեյը մեր դպրոցի ուսուցիչ է, նրան ճանաչում ենք, իսկ Պողոսյան Նոնային՝ ոչ։ Ե՛վ մենք, և՛ մեր երեխաները դուրս ենք եկել դասադուլի, որպեսզի մեր ձայնն էլ հաշվի առնեն։ Մենք ցանկանում են Փիլիպոսյան Անդրեյին տեսնել  դպրոցի տնօրենի պաշտոնում»,- ասաց ծնողներից մեկը։

Փիլիպոսյան Անդրեյը  նախկին տնօրենի պաշտոնավարման ընթացքում դպրոցի փոխտնօրենն էր։ Ըստ ծնողների՝  նա լավ ուսուցիչ է և լավ մարդ,  անգամ դուրս է եկել և երեխաներին հորդորել , որ դադարեցնեն դասադուլը և դպրոց մտնեն։

Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյաննայսօր հանդիպել է դպրոցի ուսուցիչների հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն հինգերորդ անգամ  է դպրոց մտնում այդ խնդրով։

«Ուսուցիչները գործադուլի դուրս չեն եկել։ Իմ հարցին, թե դասերն ինչու իրենց հունով չեն ընթանում, նրանք պատասխանում են, որ երեխաները դասի չեն գալիս։ Եվ ընդհանրապես ուսուցիչների մոտ ես  դժգոհություններ չեմ  նկատել տնօրենի ընտրության հետ կապված։ Հիմա նորից դպրոց եմ եկել նրանց հետ հանդիպելու»,-  ասաց Հրայր Նիկողոսյանը։

Ծնողների խոսքով՝ եթե տնօրեն չընտրվի իրենց թեկնածուն, շարունակելու են դասադուլը։

Տպել
Ամենաշատ