News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանաշինության վարկավորման պայմանները, ցավալիորն, վատթարացել են. եւ դա մեզնից անկախ պայմանների հետեւանքով է տեղի ունեցել։ Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ավանի հիմնարկեքի արարողության ժամանակ նշեց «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանը:

Նրա խոսքով, նախկինում որոշակիորեն առանձին  ֆինանսական գործիք էր կիրառվում, եւ իրենց ծրագրերի համար շահառուները որոշակի, այսպես ասած, մեղմ պայմաններ էին ստանում. «Վերաֆինանսավորման գործիք կար։ Ցավոք, ներկայումս այն այլեւս չկա։ Եվ  ստացել ենք այն պատկերը, ինչ-որ ստացել ենք։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել առեւտրային մեր բոլոր այն բանկերին, որոնք արձագանքել են մեր հրավիրին։ Եվ մաս են կազմում այս  ծրագրին իրենց սեփական ռեսուրսների հաշվին»,-ասաց Քարամյանը:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ պետք է խնդիրը լուծվի, և շահառուների համար մատչելի դառնան պայմանները, իսկ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ ասել է, թե իբր խնդիրը լուծված է, մինչդեռ վարկավորման տոկոսը 7-7,5-ից դարձել է շուրջ 11 տոկոս, Քարամյանն արձագանքեց. «Ես լավ տեղեկացված չեմ  ներկայումս ընթացող այդ գործընթացների վերաբերյալ։ Հավանաբար խոսքը վերաբերում է պետական նպատակային ծրագրի պայմանների որոշակի բարելավման մասին, որի վերաբերյալ վերջերս կառավարության համապատասխան որոշում  եղավ, եւ լրացում եղավ 2010թ․-ի հունվարի 29-ի որոշման մեջ։

Ցավոք,  պետական նպատակային ծրագրի չափորոշիչների տիրույթում հնարավոր չէր  լուծել այն խնդիրը, որ սկզբից գոյացել էր սուբսիդավորման մեր ծրագրերի մասով։ Եվ այո, այսօր  շահառուների մի մասի համար մատչելիության որոշակի անկում ունենք»:

Քարամյանը նշեց, որ տոկոսների բարձրացումը (այն այժմ 10,8 տոկոս է գումարած ամսական 0.049 տոկոս ապահովագրավճար, որը միասին կազմում է մոտ 11,5 տոկոս-խմբ) պայմանավորված էր կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման բացակայությամբ։ «Պայմանները հստակ են եւ փոփոխման ենթակա չեն։ Ցանկացած փոփոխություն հանրային կյանքում, կլինի քաղաքական եւ այլն, որոշակիորեն պետք է իր ազդեցությունն ունենա։ Հիմա այս ծրագիրն այն մասշտաբայնությունն ունի, որ այն չէր կարող իր ազդեցությունը չունենալ։ Եվ ծրագրի նախասաղմնային  վիճակում տեղի ունեցած փոփոխությունները շուրջ մեկ տարի առաջ որոշակիորեն դանդաղեցրին մեր ընթացքը։ Բայց այդ դանդաղությունը սրբագրումներ տվեց մեր ծրագրերին, եւ այդ մասով մենք դարձանք ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի տրամաբանված եւ անխոցելի։ Եվ չեմ կարծում, որ հետայսու որեւէ հանգամանք կարող է ազդել մեր գործունեության վրա, եթե բոլորս գործենք առողջ բանականության  եւ տրամաբանության շրջանակներում»:

ՀԿ նախագահը տեղեկացրեց, որ այժմ մոտավորապես 100%-ից  85%-ի չափով վճարում ունեն. «Բանկում բոլոր շահառուները, ովքեր տվել են համապատասխան կանխավճարը, կանցնեն վարկունակության գնահատում եւ բանկի որոշումից հետո կկայացվի որոշում շահառուի վարկավորման վերաբերյալ կամ կանխավճարը կլրացվի 10%-ով՝ կախված նրա վարկունակությունից։ Եվ կկնքվի եռակողմ պայմանագիր՝ բանկը, մենք եւ շահառուն։ Գույքը կգրավադրվի, գույքի ձեռք բերման իրավունքի  պայմանագիրը կգրավադրվի բանկում, եւ բանկը ինչ-որ փուլերով կսկսի ամբողջ շինարարության ընթացքում  կատարել համապատասխան վճարումները»,-ասաց նա:

Հարցին, թե տոկոսները փոփոխման ենթակա՞ են, հնարավո՞ր է՝ իջնեն կամ բարձրանան, Քարամյանն արձագանքեց. «Տոկոսները վերջնական են եւ որեւէ փոփոխման ենթակա չեն։ Քիչ անց մենք բանկերի հետ համապատասխան հուշագրերն ենք ստորագրելու, որը քաղաքական բնույթի, էսպես ասած, մեր մտադրությունների մասին փաստաթուղթ է։  Բայց մինչ այդ մենք ստորագրել ենք ՎՏԲ բանկի հետ այն հիմնական պայմանագիրը, որը կանոնակարգում է մեր հարաբերությունները այս ծրագրի շրջանականերում։ Դա կառուցապատողի հաշիվ ունենալու եւ հաշիվը սպասարկելու կարգուկանոնի վերաբերյալ պայմանագիրն է։  Այն ստորագրել ենք, եթե չեմ սխալվում սույն թվականի փետրվարի 3-ին»:

Քարամյանը խոսեց նաեւ ծրագրի ժամկետների մասին. «Ժամկետները մենք մեծամասամբ ճշգրտորեն պահպանում ենք եւ շատ քիչ դեպքերում է, որ կարող են լինել շատ աննշան շեղումներ՝  այն էլ պայմանավորված եղանակային պայմաններով եւ այլն։ Այս համալիրի համար մենք նախանշում ենք հիմնական սոցիալական ֆոնդի հանձնումը, շահագործումը  ուղիղ 3 տարի։  Եվ ընդհանուր համալիրը վերջնական տեսքի բերված վիճակով կտեւի երեք ու կես տարի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի հողամասի ընդհանուր մակերեսը՝ 6,7 հա է, մասնաշենքերի քանակը՝ 8, հարկանությունը՝ 18-32 հարկ, Բնակարանների քանակը՝ 1100, ավտոկայանատեղերի քանակը՝ 880, Կանաչապատ գոտիների ընդհանուր մակերեսը՝ 25 000 քմ, բնակարանների 1քմ. արժեքը՝ 276000-296000 ՀՀ դրամ՝ կախված ներքին հարդարումից:

Կառուցվող շենքերի շահագործման հանձնելու տարեթիվը 2021 թ.նոյեմբերն է, Ավանի շահագործման հանձնելու տարեթիվը՝ 2022 թ. մայիսը: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 54 միլիարդ ՀՀ դրամ է:

Ավանում կառուցվելու է մանկապարտեզ (մինչեւ 220 երեխայի համար), մարզահամալիր (150 մարդ/ժամ), առեւտրի եւ սպասարկման կենտրոն, կինոթատրոն:

Շենքերի տանիքները կահավորվելու են արեւային վահանակներով, որոնց արտադրած էլեկտրաէներգիան ծախսվելու է ընդհանուր օգտագործման տարածքների լուսավորության եւ վերելակների էլեկտրասնուցման համար: Նախագծող ճարտարապետներն են Վահագն Վերմիշյանը եւ Դավիթ Միրզոյանը։

Տպել
Ամենաշատ