News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Մենք, իհարկե, եկամտային հարկի պրոգրեսիվ հարկման կողմնակից ենք։ Դավիթ Անանյանը մեզ ներկայացրեց կառավարության տեսակետը, որ դա ժամանակավոր է, շուտով կրկին անցնելու ենք պրոգրեսիվ հարկման, զուտ նպատակ ունեն ստվերում գտնվող աշխատողներին եւ աշխատավարձերի չափը ստվերից դուրս բերել, ինչպես նաեւ բարձր աշխատավարձերը ֆիքսել։ Դա մեզ բավարարեց։ Եթե դրանով ժամանակավոր խնդիր է լուծում, պետք է հասկանալ մոտիվացիան»,- նշեց նա։

Բագրատյանի խոսքով՝ Հարկային օրենսգրքի փոփոխության արդյունքում իմաստ չի ունենալու բարձր աշխատավարձերը թաքցնելու. «Եթե ցույց են տալիս բարձր աշխատավարձերը, իրենց շահույթից դա պակասեցվելու է, շահութահարկն են քիչ վճարելու, այսինքն՝ իրենք չեն տուժելու աշխատողների իրական աշխատավարձերը ներկայացնելու արդյունքում»։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Անանյանի հետ հանդիպմանը ԲՀԿ–ականները զովացուցիչ ըմպելիքների ենթաակցիզային հարկով հարկելու առաջարկի դեմ են հանդես եկել. «Մենք դեմ էինք զովացուցիչ ըմպելիքները ենթաակցիզային հարկով հարկելու առաջարկվող փոփոխությունը, մենք կողմ ենք, որ հարկման արդյունքում ձեւավորվող բացը լրացվի ավելի թանկ խմիչքների հաշվին, օրինակ՝ վիսկիի՝ հարակային բեռը տեղափոխելով ավելի հարուստ խավի վրա։ Անանյանը նշեց, որ կքննարկեն մեր առաջարկը»։

Բագրատյանը համոզված է՝ հարկման փիլիսոփայության հիմքում պետք է դրվի սոցիալական արդարությունը. «Մենք կողմ ենք նաեւ, որ որպես շքեղության հարկի մի տարատեսակ՝ 300 եւ ավելի ձիաուժ ունեցող շարժիչներով մեքենաների բնապահպանական տուրքերը բարձրանան»։

ԲՀԿ-ում կարծում են, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները բավարար չեն տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար. «Մենք գտնում ենք, որ սա բավարար չէ տնտեսական հեղափոխության համար։ ՊԵԿ նախագահը նշեց, որ սա սկիզբն է, իրենք նոր փոփոխությունների են պատրաստվում, սակայն մենք կցանկանայինք, որ լուրջ փոփոխությունների փաթեթ լիներ, որը հիմք լիներ տնտեսական հեղափոխության համար, որպեսզի մեզ եւ հանրության համար այդ փաթեթը հեղափոխության մեկնարկ լիներ։ Տնտեսական հեղափոխության եւ ներդրումների ներգրավման համար շատ ավելի լայն փոփոխություններ են պետք, քանի որ մեծ հաշվով ներդրողի համար մեծ տարբերություն չկա՝ եկամտային հարկի շեմը 23 տոկոս է, թե 28 տոկոս»։

Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել հանդիպում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների եւ Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի միջեւ։

Տպել
Ամենաշատ