News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը Վրաստանի հետ ունի ընդհանուր տարածաշրջանային լուրջ մարտահրավերներ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի շրջանակներում Օղակաձեւ զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

«Մենք պարտավոր ենք որոշակի հարցերի շուրջ Վրաստանի հետ համագործակցել, ինչը, հուսով եմ, առաջիկայում կստացվի, որքան էլ խութեր կան մեր հարաբերություններում: Մասնավորապես վրացահայության, ջավախահայության խնդիրների առկայությունը կա, բայց որքան հարաբերությունները զարգանան, ջերմանան, այնքան այդ խնդիրները պետք է նվազեն»,-ասաց նա:

Հարցին, թե խոսքն ինչ մարտահրավերների մասին է ջավախահայ պատգամավորը պատասխանեց. «Մեզ համար մարտահրավեր է աշխարհաքաղաքական գործոնի ազդեցությունը, որովհետեւ Հայաստանն ու Վրաստանը արտաքին քաղաքականության տեսանկյունից տարբերություններ ունեն, որոնք կարող են խաթարող հանգամանք դառնալ, դրա համար վերջին շրջանում ՀՀ վարչապետը խոսում է այդ մասին, որ պետք է հնարավորինս աշխարհաքաղաքական գործոնից զերծ պահել մեր հարաբերությունները: Այս առումով որոշակի առաջընթաց տեսնում եմ:

Մյուս մարտահրավերը, որ շատ սկզբունքային է, Վրաստանի տարածքում թուրքական գործոնի ազդեցության ավելացումն է: Մեզ համար շատ ավելի ցանկալի է ուժեղ ինքնիշխան Վրաստան, որը պատվար կլինի եւ ապահով կլինի մեր հյուսիսային սահմանը»:

Շիրակ Թորոսյանը նկատեց, որ եթե Վրաստանում ուժեղանում է թուրքական գործոնը էներգակիրների ոլորտում նրանց հսկայական դերակատարման հետեւանքով, բնական է, որ դա ուղղակի, թե անուղղակի ազդելու է մեզ վրա. «Վրաստանում առաջացել են որոշակի խավեր, ուժեր, որոնք թուրքական ներդրումների ֆոնին կարող են հակահայկականություն դրսեւորել: Մենք այդ ամենը տեսել ենք նախորդ իշխանությունների ժամանակ, այսօր կարծեք թե որոշակի լույսեր են ճառագում այդ ուղղությամբ՝ նվազեցնել թուրքական ազդեցությունը: Վրաստանի ավելի բարձր քաղաքական կարգավիճակը մեզ համար պարզապես անհրաժեշտություն է: Մենք պետք է այդ հարցում մեր օժանդակությունը ցուցաբերենք Վրաստանին, գործենք ձեռք ձեռքի տված»,-ընդգծեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ