News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Քաղաքացու օրը կառավարության օրը չէ, պետք չէ այն կապել կառավարությունում գտնվող մի խումբ մարդկանց հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Քաղաքացու օրը, նրա համոզմամբ, պետք է լինի այն քաղաքացիների օրը, որոնք իշխանությունը վերադարձրեցին իրենց։ «Դա, իմ կարծիքով, կարեւոր իրադարձություն է, որը պետք է ինչ–որ կերպ նշել։ Քաղաքացու օրը չպետք է կապել մի խումբ մարդանց հետ, որոնք հիմա կառավարությունում են, որովհետեւ դա կառավարության օրը չէ, դա քաղաքացու օրն է»,–շեշտեց նա։

Պատգամավորի համոզմամբ՝ «Հանրապետական» կուսակցության անդամները եւս պետք է այդ օրը իրենց տոնը համարեն։

Նա կարծիք հայտնեց նաեւ, որ քաղաքացու օրը ամեն մեկը ինքը պետք է որոշի՝ ինչպես նշի. «Սակայն այն եւս մեկ առիթ պիտի լինի քաղաքացու իրավունքների, պետության մեջ նրա դերի ու նրա պարտականությունների մասին խոսելու համար»։

Հարցին՝ կիսո՞ւմ է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի տեսակետը, որ քաղաքացու օրը նշանակությամբ 2-րդ տոնն է անկախության տոնից հետո, Թագուհի Ղազարյանը պատասխանեց. «Անկախությունից հետո էլ մարդիկ կային, որ ասում էին ԽՍՀՄ–ի ժամանակ լավ է, սակայն նշում էին անկախության տոնը, որովհետեւ անկախությունը շրջադարձային է եղել իրենց եւ երկրի համար, այս առումով համեմատելի են այս իրադարձությունները, քանի որ շրջադարձային էին այն մի քանի շաբաթները, երբ քաղաքացու վստահությունն իր ուժերի նկատմմաբ վերածնվեց»։

Պատգամավորը տեղին է համարում ապրիլյան պատերազմի մասնակիցների բողոքը, որ չկա ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի օր, սակայն միաժամանակ նկատում է, որ նախորդ իշխանությունները այդպիսի օր չեն հռչակել, ավելին՝ 2017 թվականի ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ էին անցկացրել։

Հիշեցնենք՝ օրերս կառավարության նիստում որոշում կայացվեց ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում առաջարկեց հանրային քննարկում անցկացնել օրը նշելու տարբերակների վերաբերյալ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ