Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին: Էրդողանը նշել է, որ ժողովրդի աջակցությունն իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը թույլ է տվել հաղթել երկրում անցկացված 15-րդ ընտրություններում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Նրա խոսքով՝ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Ժողովրդի միություն» քաղաքական դաշինքի թեկնածուները, որի մեջ է մտնում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հաղթել են 778 տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում 16 խոշոր քաղաքներում:
Թուրքիայում բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը ղեկավարում են «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչները:
Էրդողանը նշել է, որ իշխանությունները պատրաստում են երկրում խոշոր բարեփոխումների ծրագիր: Թուրքիայի իշխանությունների առաջնահերթությունը մինչեւ 2023 թվականը տնտեսության հետագա զարգացումն է, արտահանման մեծացումը եւ զբաղվածության աճը, ասել է թուրք առաջնորդը:
Տեղական NTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ ձայների 99 տոկոսի մշակումից հետո «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթում է 81-ից 40 համայնքներում: Միաժամանակ, ըստ նույն տեղեկությունների՝ Անկարայի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը, որի օգտին քվեարկել է ընտրողների 50,9 տոկոսը: Ստամբուլում ձայների 98,7 տոկոսի հաշվարկից հետո առաջին տեղում Էրդողանի համախոհ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է՝ ստացած ձայների 48,70 տոկոսով: Նվազագույն տարբերությամբ նրան պարտվում է ընդդիմադիր «Ազգի միության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն՝ ստացել է ձայների 48,65 տոկոսը, փոխանցում է ՌԲԿ-ն:
Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել կիրակի՝ մարտի 31-ին: Դրանք անցկացվում են 5 տարին մեկ՝ քվեարկության ժամանակ ընտրվում են նաեւ քաղաքապետեր, համայնքների եւ շրջանների ղեկավարներ:





























