News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ՊԵԿ աշխատակիցները ավարտեցին աշխատանքները պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլում», տնօրեն Սամվել Հակոբյանի  աշխատասենյակից արկղերով փաստաթղթեր դուրս հանեցին և մեքենաներով տեղափոխեցին։

Տնօրեն Սամվել Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց , որ ՊԵԿ աշխատակիցների այցի պատճառով «Առինջ մոլի» աշխատակիցները ցանկացել են բողոքի քայլեր ձեռնարկել, ինքը թույլ չի տվել։

«Աշխատողները եկել էին, ուզում էին Սևան-Երևան ճանապարհը փակել, ես խնդրեցի, ասեցի՝ նման բան չենք անում, իրենք իմ հետ կապ ունեն, մարդիկ էլ ասում են՝ եթե իմ հետ կապ ունի, ուրեմն՝ իրենց հետ էլ կապ ունի»,– ասաց նա։

Տնօրենը հերքեց, թե ինքը հարկեր է թաքցրել, նշեց, որ իրենց մոտ ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ստուգումներ կատարվում են։

«Թղթերն են նայում, ասում են՝ ինչ-որ հարկեր եմ թաքցրել։ Ես պետությանը բացի օգուտ տալուց վնաս չեմ տվել։ Հարկերը մի օր, մի ժամ չեմ ուշացրել։ Ուղղակի խնդրեցի իրենց, որ կարող էին չորս հոգով գալ, ոչ թե այդ համազգեստով ու 50 հոգով։ Սենց շոու ես չէի սպասում, մարդիկ չեն էլ հասկանում՝ ԱԱԾ-ն ա, թե՝ հարկայինը: Համոզված եմ՝ ստուգելուց հետո ասելու են՝ կներեք, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սամվել Հակոբյանը։

Տնօրենը նաև հերքեց տարածված տեղեկությունը, թե առևտրի կենտրոնը փակվում է։

NEWS.am-ի հետ զրույցում մոլի աշխատողներն ասացին, որ ՊԵԿ–ի հանկարծակի այցելությունն իրենց անակնկալի էր բերել, նրանք դժգոհում էին, սակայն խուսափում էին տեսախցիկի առջև երևալուց կամ անունները հրապարակելուց։

«Առավոտ արթնացա, տեսա Ֆեյսբուքում, որ խանութս պլոմբում են։ Ժողովրդին չեն թողնում հինգ կոպեկ փող աշխատեն»,– ասաց աշխատողներից մեկը։

«Էս Հայաստանի համա՞ր ենք պայքարել էսքան ժամանակ, որ գան, խանութս ձեռքիցս վերցնեն»,– ասաց մեկ ուրիշը։

Նշենք, որ այսօր առավոտից ՊԵԿ-ի մի քանի տասնյակ աշխատակիցներ ստուգումներ էին սկսել «Առինջ մոլ»-ում։

ՊԵԿ-ը տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ «Առինջ մոլում» քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում։

«Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը): Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերը ենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից»,– ասվում է հաղորդագրությունում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ