News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Սեդրակ Քոչարյանի պաշտպանների՝ անմեղության կանխավարկածի խախտման բողոքի հարցով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կուսումնասիրեն իրավաբանները եւ ըստ այդմ՝ կորոշվի Վերաքննիչ դատարան դիմելու հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է դատարանի որոշում, համաձայն որի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը։ Այս հարցը կուսումնասիրեն իրավաբանները եւ ժամկետի մեջ եթե չի լինի Վերաքննիչ դատարան դիմելու որոշում, ուրեմն իհարկե օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն»,–ասաց նա։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներողություն կխնդրեն իրենք Սեդրակ Քոչարյանից, թե չեն ընդունում դատարանի որոշումը, Վանեցյանը ասաց. «Ներողություն խնդրելու պահանջ չի եղել։ Այս պահին չեմ կարող ասել դատարանի որոշման հետ համաձայն եմ, թե ոչ, եթե տեսնեն իրավաբանները, որ դատարանի որոշումը չեն կարող բողոքարկել, իհարկե պետք է ընդունենք այս որոշումը եւ ենթարկվենք այդ որոշմանը»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը եւ բողոք էր ներկայացրել դատարան: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը եւ արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ