News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, երեկ՝ ապրիլի 13-ին, ոստիկանության Տարոնի բաժին են բերման ենթարկել Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Ներկարարյանին: Հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Դ. Ներկարարյանը ապրիլի 13-ին՝ գիշերը ժամը 01:30-ի սահմաններում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի վրա գործող «Սուրեն Պարանյան» անհատ ձեռներեցին պատկանող բենզալցակայանում, ավտոմեքենան իբրև լիցքավորելու նպատակով կայանել է լցակայանի տարածքում։ Երբ լիցքավորողը՝ Դսեղ գյուղի բնակիչ, 22-ամյա Սերգեյ Հովսեփյանը, մոտեցել է իրեն, Դ. Ներկարարյանը դանակը ձեռքին թիկունքից հարձակվել ու դանակը սեղմել է Ս. Հովսեփյանի կոկորդին:

Այնուհետեւ դանակի սպառնալիքով նրան մտցրել է լցակայանի հանգստի սենյակ ու այնտեղից հափշտակել 165 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ «Samsung Galaxy A3» մոդելի բջջային հեռախոս և 30 հազ. դրամ, որից հետո դիմել է փախուստի:

Նաեւ պարզվել է, որ Դ. Ներկարարյանը նշված հանցագործությունը կատարելու ժամանակ նախնական համաձայնության է եկել Վանաձոր քաղաքի բակիչ, 35-ամյա Սարգիս Մարկոսյանի հետ, որը տաքսու վարորդ է: Ոստիկանություն ահազանգել է Ս. Մարկոսյանը ու հայտնել, որ ինքը ականատես է եղել, իսկ իրեն էլ դանակով սպառնացել է ավազակային հարձակում կատարած անձը:

Ըստ աղբյուրի՝ Դ. Ներկարարյանը նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր-օր-ի 11 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով և 2018թ. նոյեմբերին նա համաներմամբ ազատ է արձակվել: Դ. Ներկարարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Ս. Մարկոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Տպել
Ամենաշատ