News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այո, կա որոշակի լարվածություն Ազգային ժողովում, էմոցիոնալ ֆոն։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 18-ին ասաց «Իմ քայլը» խմբկցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում խորհրդարանի հետագա հինգ տարիների աշխատանքը ստեղծված լարված մթնոլորտում:

«Էմոցիոնալ ֆոնը պայմանավորված է նրանով, որ մի քանի անգամ եղել են դիտարկումներ, կարծիքներ կամ հայտարարություններ, որոնք եղել են անձնական տիրույթում։ Ես չեմ ուզում խոսել էմոցիոնալ ֆոնի մասին, քանի որ այդ ֆոնը պետք է ոչ թե էսկալացնել, այլ տարալուծել, կարծում եմ, որ դրան անդրադառնալ պետք չէ»,–նշեց նա։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները նշում են, թե աշխատանք չեն տեսնում, դրա համար են բովանդակային քննարկումներից դուրս գալիս, անցնում են անձնական դաշտ, Մակունցն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիր գործիչները անում են այն, ինչ պետք է անեն, այսինքն՝ պարբերաբար քննադատել թե՛ կառավարությանը, թե՛ խորհրդարանական մեծամասնությանը։ Սա նորմալ երեւույթ է, ժողովրդավարական պետության կարեւորագույն բաղադրիչներից մեկը։ Հետեւաբար, որեւէ քննադատություն չեմ պատրաստվում հնչեցնել ընդդիմության հասցեին»։

Հարցին, թե ինչպես է մեկնաբանում ընդդիմադիր գործչի այն մեկնաբանությանը, որ քաղաքացիները ոչ թե հպարտ են, այլ հպատակ, նա հրաժարվեց մեկնաբանել. «Չեմ մեկնաբանում։ Օգտվում եմ ազատ քաղաքացու իմ իրավունքից եւ չեմ մեկնաբանում»,–ապա նշեց. «Ես համաձայն չեմ, որ ՀՀ քաղաքացին ազատ չէ եւ դա տարբեր ոլորտներում դրսեւորվում է»։

Ծառուկյանի այն պնդումներին, որ խոսելու փոխարեն գործ պետք է անեն, ժողովուրդը փոփոխություն է ակնկալում, ներդրումներ է ակնկալում,  Մակունցը ասաց. «Պատգամավորները ներդրումներ կատարողը չեն, պատգամավորները պետք է զբաղվեն օրենսդրական գործունեությամբ, օրինակ՝ ստեղծելով համապատասխան ներդրումային միջավայր։ Այդ ուղղությամբ մեր պատգամավորները աշխատում են»։

Հարցին՝ Ոստիկանությունը, ԱԱԾ–ն, ՊԵԿ–ը պետք է լինեն Ազգային ժողովի հսկողության տակ, թե ոչ, Մակունցն ասաց. «Ոստիկանությունը, ԱԱԾ–ն, ՊԵԿ–ը հարցուպատասխանների ժամանակ հանրային հաշվետվություն չեն ներկայացնում ՀՀ քաղաքացիներին, այս կոնտեքստում էր, որ ԼՀԿ-ն առաջարկում էր դարձնել նախարարություն, մեր առաջարկն էր, որ եկեք մտածենք մեխանիզմները, գուցե օրենսդրական նախաձեռնությամբ, որ այս կառույցները բերենք ավելի հանրային եւ թափանցիկ դաշտ։ Մենք պատրաստվում ենք աշխատել այդ ուղղությամբ մեր գործընկերների հետ»։

Տպել
Ամենաշատ