News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Երեւանի բնակիչ  Ժենյա Մկրտչյանը ահազանգում է, որ օրեր առաջ գնացել է Երեւանի թիվ 120 մանկապարտեզ եւ իր երեքուկես տարեկան դստերը հայտնաբերել  վնասված շրթունքով եւ արյունոտված հագուստներով։

«Մանկապարտեզից զանգահարեցին՝ ասացին եկեք, երեխայի շրթունքից արյուն է գալիս. գնացի՝ տեսա անկողինը, հագուստն ու գիշերանոցը արյունոտ են, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասացին՝ չգիտենք»,–NEWS.am–ին պատմեց կինը։

Ժենյա Մկրչյանի խոսքով՝ իր երեխային հնարավոր է՝ վնասվածք է պատճառել խմբի երեխաներից մի տղա, որը, ըստ կնոջ, մանկապարտեզում արտոնյալի կարգավիճակ ունի։

«Խմբում մի բալիկ կա, ում մայրն այդ մանկապարտեզում է աշխատում եւ այդ փաստից նրա երեխան իրեն շատ առիթավորված է պահում, բոլոր բալիկներին հրմշտում է, հարվածում։ Ես մի քանի անգամ զգուշացրել եմ, որ այդ բալիկն է իմ երեխային պարբերաբար հարվածում, խնդրել եմ հարցին լուծում տալ։ Իմ աղջիկը պատմել է, որ իրեն հրել է այդ տղան, ինքն ընկել է, շրթունքը պատռվել է, մինչդեռ մանկապարտեզում ասում են՝ չգիտենք ինչ է եղել»,–պատմեց նա։

Կնոջ խոսքով՝ թիվ 120 մանկապարտեզում երեխաներին պատշաճ հսկողության տակ չեն պահում։

«Իմ բալիկն ինձ պատմել է, որ դայակն ու դաստիարակը պարբերաբար խմբից դուրս են գալիս եւ իրենց մենակ թողնում։ Երեք տարեկան երեխան չի խաբում։ Ես իրեն խոսեցրել, նկարել եմ։ Նա պատմել է, թե իրեն հարվածող բալիկը մանկապարտեզում որքան առավելություններ ունի»,– ասաց նա՝ նշելով, որ երեխային հանել է թիվ 120 մանկապարտեզից։

Կատարվածի կապակցությամբ կինը դիմել է ոստիկանություն եւ Երեւանի քաղաքապետարան։

NEWS.am–ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին ահազանգի վերաբերյալ տեղեկությունը՝  նշելով, որ ահազանգը ստուգելու համար  մանկապարտեզ է մեկնել անչափահասների գործերով տեսուչը։

Երեւանի թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Դիանա Մուրադյանը NEWS.am–ի հետ զրույցում բացառեց, որ երեխան շրթունքի վնասվածք է ստացել մեկ այլ երեխայի հետ կոնֆլիկտի արդյունքում։

«Երեխան առավոտյան եկել է մանկապարտեզ շատ լավ տրամադրությամբ  եւ արտաքուստ որեւէ խնդիր չի ունեցել, ծնողը պնդում է, որ երեխան պատմում է,  թե իբր իրեն հրել են դահլիճում, մինչդեռ երեխան այդ օրը դահլիճ չի գնացել,  առավոտյան նախավարժանքին չի մասնակցել, քանի որ ուշ է եկել եւ միայն նախաճաշին է հասել մանկապարտեզ»,–ասաց մանկապարտեզի տնօրենը՝ չբացառելով, որ երեխաները խմբում միմյանց հետ խաղալիս միմյանց հրեն։

«Երեխան վեր է կացել, տեսել ենք՝ անկողինն արյունոտ է, բուժքրոջ հետ զննելով հասկացանք, որ փոքրիկ պատռվածք է եղել»,– ասաց նա նշելով, որ հնարավոր է, որ երեխան քնած վիճակում եղունգով է վնասել շրթունքը։

Դիանա Մուրադյանի խոսքով՝ ճիշտ չէ ծնողի այն պնդումը, թե մանկապարտեզում երեխաներից  որեւէ մեկն արտոնյալ կարգավիճակ ունի։

«Մեզ մոտ երեխաները բոլորը հավասար հիմունքներով են, չի կարելի ինչ–որ մեկին պիտակավորել»,–ասաց նա։

Մուրադյանը տեղեկացրեց, որ ծնողն այլեւս երեխային մանկապարտեզ չի բերում, սակայն երեխային մանկապարտեզից հանելու վերաբերյալ դիմում ինքը դեռ չի ստացել։

Տպել