News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունում ռազմական ուսումնական հաստատություններում ռազմապարեր ներդնելու որոշում կա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հիմա ծրագիրն է մշակվում, որ կուրսանտների հետ նաեւ ռազմապարերի պարապմունքներն անցկացվեն»,–նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական պարերը նպաստելու են սպաների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, անհատի ձեւավորմանը, ճիշտ արժեհամակարգին։

Նախաձեռնության հեղինակը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր Գագիկ Գինոսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ խոսքը 15 ռազմապարի մասին է: Դրանց թվում են «Յարխուշտա», «Ռոստամ Բազի», «Իշխանաց պար», «Պոզարե», քոչարիների ընտրանին։  Նրա փոխանցմամբ՝ առաջինը կներդրվի Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում.  «Արդեն աշխատում ենք թե՛ դասապլանների վրա, թե՛ դասացուցակների վրա, հետագայում կներդրվի ամբողջ բանակում: Սեպտեմբերից կսկսվի դասավանդվել»։

Գագիկ Գինոսյանը համոզմունք հայտնեց, որ ռազմապարերը կնպաստեն հավաքական ոգու ձեւավորմանը. «Հայաստանը, երբ ունեցել է պետականություն եւ կանոնավոր բանակ, ռազմապարը եղել է հայ զինվորի դաստիարակության հիմասյուներից մեկը, որովհետեւ բացի նրանցից, որ պարը միակ մշակույթն է, որ կարողանում են ներդաշնակել հոգին ու մարմինը, այլ նաեւ ինչպես Կոմիտասն է ասում, ցույց է տալիս յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, քաղաքակրթության աստիճանը: Ավելին, ռազմապարերի ժամանակ, երբ զինվորները ձեռք ձեռքի բռնած, ուս ուսի կպած, թիկունք թիկունքի տված պարում են, դա ոչ միայն նրանցից յուրաքանչյուրը ներդաշնակում է իր հոգին, այլ նույն ռիթմիկ նկարագրի մեջ նույն շարժումով, նույն ցատկով, նույն կքանիստով ստեղծվում է նաեւ հավաքական ոգի, անպարտելիության զգացում»:

Նա շեշտեց՝ երկար ժամանակ է՝ ինչ հորդորում էին իշխանություններին ռազմապարեր ներդնել բանակում. «Մենք տարիներ շարունակ հորդորում էինք իշխանություններին, որ ռազմապարերը մտցնեն բանակ, սակայն միայն այս իշխանություններն ականջալուր եղան, չնայած նախորդ իշխանություններն էլ առանձնապես չէին մերժում, ասում էին՝ հետաքրքիր է, բայց գործընթացը տեղից չէր շարժվում։ 10 տարի առաջ եմ առաջին անգամ նման առաջարկով հանդես եկել, որը նախարարին չհասավ, ինչ–որ ատյաններում կորավ, հետո արձագանքել էին, որ ռազմական համալսարանում սիրողական խումբ ստեղծենք։  Սակայն, շատ դեպքերում այն առարկաները, որոնք թվանշանով են, կուրսանտները գերակա են համարում, նրանց վերաբերմունքը սկսում է տկարանալ»։ 

Գինոսյանը համոզված է, որ ռազմական պարերի ներմուծումը բանակ դրական կազդի բարոյահոգեբանական վիճակի վրա. «Կարեւոր է, որ ռազմապարերը ներդրվեն բանակում՝ դառնալով զինվորի դաստիարակության հիմնասյուներից՝ ինքնության, ոգեղեն եւ ֆիզիկական առումներով»:

Գինոսյանի փոխանցմամբ՝ պիլոտային ծրագրի շրջանակներում նախնական ինքը կդասավանդի պարերը, ապա կվերապատրաստվեն ինստրուկտորներ. «Ուսուցումը սկզբում ես եմ իրականացնելու։ Ես արդեն 3 տասնամյակ է՝ զբաղվում եմ պարերի դասավանդմամբ եւ այն մեթոդիկան, որ ձեւավորվել է, պիլոտային ծրագիրը իրականցվելու է դրանով։ Հետագայում ուսուցիչներ եւ ինստրուկտորներ կվերապատրաստվեն»։

Նա պնդեց՝ ինքն արդեն իսկ մարտի դաշտում զգացել է ռազմապարերի ուժը. «Ժամանակին պարել եմ կռվի դաշտում, շատ լավ հասկանում եմ, թե ինչ ներուժ ունի, ինչ ոգեղենություն է փոխանցում։

Վերջում Գինոսյանն իր խոսքն ամփոփելով՝ նշեց. «Հայոց ռազմապարն արդեն չափահաս է եւ ժամանակն է, որ զորակոչվի բանակ»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ