News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը հետևողականություն ցուցաբերեց լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև  Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ։ Այս մասին  այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Ելույթում նա, մասնավորապես, ասել է.

«...Միջազգային հարաբերություններում կանխատեսելիության մակարդակի բարձրացման համատեքստում չափազանց կարևոր է ամենաարդիական՝ գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների և հարցերի քննարկումը, միջազգային անվտանգության ձևավորման վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Այսօրվա լիագումար նիստի թեման անցած տարվա համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումների քննարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնության ` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցության ակտիվացման ուղղությամբ, այսպես կոչված A4P-ի տրամաբանական շարունակությունն ու հետագա զարգացումն է: Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա:

Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է:

Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական փոփոխությունները:

Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում:

Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը):

Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին.

1. Միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ

2. Խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ

Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է տարբեր դերակատարների միջև համագործակցության կամ գործողությունների համակարգման գործոնը, ինչը ցանկացած խաղաղապահ գործողության բարեհաջող իրականացման և ավարտի համար կարևորագույն պայմաններից մեկն է:

Վերջապես, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում: Ավելին, այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում, երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունները պետք է լինեն․

• յուրաքանչյուր առանձին առաքելության համար խաղաղապահների իրավական կարգավիճակի հստակեցումը

• բոլոր ներգրավված կողմերի գործողությունների համակարգման, այսինքն, սինխրոնացման կամ, առնվազն, այսպես կոչված ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիա) մեխանիզմների ստեղծումը

• ինտեգրված զինվորական-ոստիկանական-քաղաքացիական թիմերի ձևավորումը, վերապատրաստումը, վերազինումը և գործառնական համակարգումը

• Խաղաղապահների արհեստավարժության և էթնո-մշակութային-կրոնական իրազեկության շարունակական բարելավումը

• խաղաղարար ուժերի ներգրավման կանոնների համար ճկուն հնարավորությունների ստեղծումը

• թափանցիկություն և նրանց գործունեության շարունակական մշտադիտարկումը/մոնիտորինգ/

• ազգային կոնտինգենտների կամ խմբերի համար նյութատեխնիկական ապահովման համակարգումը՝ երկրորդական դերերի բաշխման և տեղական կապալառուների ծառայություններից օգտվելու սկզբունքների առավելագույն կիրառմամբ

• խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման ֆունկցիոնալ և ծախսային ցուցանիշների թափանցիկության բարձրացումը

• առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը

Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական  ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար` ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը:

Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները:

Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում:

Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև  Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը:

Մասնավորապես, այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը:

Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը:

Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին:

Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա:

Ինչպես ասում էր միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներից մեկը՝ «փորձելով իրականացնել իրենց իդեալիստական և իրատեսական նպատակներն արտաքին քաղաքականության մեջ, պետությունները պետք է իրենց ուժը համատեղեն բարոյական սկզբունքների հետ, իսկ սեփական արդարությանը հավատը ՝ չափավորել ողջամտությամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ