News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե ես ազդեցություն ունենայի 2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության] գործի վրա, ի սկզբանե կազդեի, որ այդ գործը չվերաբացվեր»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով այն պնդումներին, թե ինքն ազդեցություն ունի իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործի վրա։

«Հո ասելով չի, գողն է գոռում՝ բռնի գողին։ Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի, ուղղակի վստահ եմ, դա կապացուցի նախաքննական մարմինը», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. «Ի սկզբանե ասել են, որ Սեդրակը վերցնի իր վրա, քանի որ, ասել են՝ «Սեդրակ, քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, ինքը քեզ կօգնի», և Սեդրակը պատրաստ է առերեսման ժամանակ ապացուցել։ Խնդրում եմ էդ գործին էլ ինձ չկապել, ես դրա հետ կապ չունեմ, ես զբաղված եմ իմ գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք ես աշխատեմ իմ գործառույթների սահմաններում»։

Նշենք, որ 5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։

2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Օրերս Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դանակահարության գործը վերաբացվել է: Կա չորս մեղադրյալ. Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, Վանուշ և Վիգեն Ալեքսանյան եղբայրներին ևս մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Սմբուլ Հովհաննիսյանի ավագ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ 5 տարվա վաղեմության գործը վերաբացվելուց հետո փոխվել է իր կրտսեր եղբոր կարգավիճակը՝ վկայից դարձել է մեղադրյալ:

Նա պնդեց, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած եղբորն այնտեղ ձերբակալել են, հավելելով, որ մտավախություն ունի, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փորձ է արվում տեղի ունեցածն իր եղբոր ուսերին բարդել:

Սամվել Հովհաննիսյանը նաև պնդեց, թե միջադեպից հետո իր եղբայրը երկիրը լքել է, որովհետև նկատել էին, որ Վալերի Օսիպյանը միջամտել է գործին՝ ի վնաս իրենց:

Վալերի Օսիպյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո երկրի ոստիկանապետ նշանակեց, առայսօր հերքում է այս պնդումները:

Տպել
Ամենաշատ