Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Երեւանում, հատուկ ուշադրություն կհատկացվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի առաջին փոխղեկավար Սերգեյ Պրիխոդկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը հիշեցրել է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր երկօրյա այցով կժամանի Երեւան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Ապրիլի 29-ին Երեւանում նախատեսված է Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակությունների ղեկավարների ճաշկերույթ։ Հնարավոր են նաեւ ՌԴ կառավարության ղեկավարի երկկողմ հանդիպումներ ԵՏՄ գործընկերների հետ, ավելացրել է Պրիխոդկոն։ Երեքշաբթի օրվա նիստը կնվիրվի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, միության ամրապնդմանը, ԵՏՄ միասնական շուկաների ձեւավորմանը, համագործակցության ճյուղային ուղղությունների զարգացմանը։
«Մասնավորապես, նիստի մասնակիցները կքննարկեն արդյունաբերական կոոպերացիայի ոլորտի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի նախագծի գործարկումը։ Այն նպատակ ունի ներգրավել փոքր ու միջին բիզնեսը խոշոր կորպորացիաների արտադրական գործընթացներում, խթանել նորարարական գործընթացները՝ ի հաշիվ տեխնոլոգիաների տրանսֆերի եւ դրանց արտադրանքի ակտիվ խթանման»,- ասել է Պրիխոդկոն։
Բացի այդ, կառավարության ղեկավարները կլսեն տեղեկատվություն միջկառավարական խորհրդի մի շարք հանձնարարականների կատարման մասին, «այդ թվում ԵՏՄ ներքին շուկայի խոչընդոտների վերացման եւ ճյուղային համագործակցության կոնկրետ հարցերում», հավելել է Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչը։
Առանձին ուշադրություն կհատկացվի ԵՏՄ թվային օրակարգի իրականացմանը։ Միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ԵՏՄ-ում ինտերնետ-առեւտրի զարգացման հեռանկարների մասին, հավանություն կտան «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելին արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաշվետվություն կներկայացնի 2018-ին հանձնաժողովի որոշումների նախագծի կարգավորող ազդեցության մոնիթորինգի մասին։ Խորհրդի գալիք նիստը, որը նախատեսված է ապրիլի 30-ին, 17-րդը կլինի ԵՏՄ աշխատանքի ընթացքում եւ երկրորդը ընթացիիկ տարում։ Նախորդ նիստը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Ալմա Աթայում։ Նշենք, որ միջկառավարական խորհուրդը միության մարմին է, դրա կազմի մեջ մտնում են անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։ Խորհուրդն ապահովում է ԵՏՄ-ի մասին պայմանագրի եւ Եվրասիական տնտեսական միության որոշումների կատարումն ու վերահսկումը։ ԵՏՄ անդամ պետությունների ինտեգրացիոն համագործակցության սկզբունքային հարցերի էական մասը դիտարկվում է միջկառավարական խորհրդի շրջանակում։ 2019-ին միության մարմիններում, ներառյալ միջկառավարական խորհուրդը, նախագահում է Հայաստանը։





























