News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սուդանի ընդդիմությունը պատրաստ է դադարել նստացույցը միայն անցումային կառավարության ստեղծումից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել են «Ազատության եւ փոփոխությունների համար» միության ներկայացուցիչները Խարթումում մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Hadath հեռուստաալիքին:

«Մենք կլքենք բարիկադները, երբ Գերագույն խորհուրդը կատարի մեր պահանջները, եւ արդյունքում ձեւավորվի անցումային կառավարությունը,-ասել են նրանք:-Մենք ասել ենք զինվորականներին մեր առաջարկները եւ սպասում ենք պատասխանի»: Ընդդիմադիրների խոսքերով՝ նրանք հույս ունեն ստանալ դրական պատասխան Գերագույն խորհրդից:

Ապրիլի 11-ին Սուդանում տնտեսական ծանր իրավիճակի ֆոնին մի քանի ամիս տեւողությամբ ցույցերից հետո երկիրը իշխանությունից հեռացրել էր 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրին եւ ստանձնել պետության կառավարումը՝ ստեղծելով անցումային Ռազմական խորհուրդ, լուծարելով խորհրդարանը եւ դադարեցնելով սահմանադրության գործունեությունը: Արդեն երկու շաբաթ է՝ զինվորականներն ու ընդդիմությունը բանակցություններ են վարում համատեղ կառավարման խորհուրդ ստեղծելու եւ երկրում անցումային շրջանի շուրջ, սակայն մինչ օրս որեւէ հստակ որոշում չի կայացվել:

Ավելի վաղ Ռազմական խորհուրդը մեղադրել էր միությանը բանակցություններում անկեղծ վերաբերմունքի բացակայության, անհամաձայնեցված պահանջներ առաջադրելու եւ բանակի դեմ հրահրող գործողություններ կատարելու մեջ: Արդյունքում բանակը պահանջել էր ընդդիմությունից ներկայացնել անցումային փուլում պետության հետագա կառուցվածքի մասին առաջարկների վերջնական նախագիծը, որն այլեւս չի ենթարկվի փոփոխությունների:

Ըստ Al Jazeera հեռուստաալիքի տեղեկությունների՝ ընդդիմության նոր առաջարկները նախատեսում են երկու կառավարող խորհուրդների ստեղծում. առաջինը, որը կազմված կլինի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, չի համարվի իշխանության գործադիր մարմին, իսկ երկրորդը, որում ներկայացված կլինեն մեծամասամբ զինվորականները, կզբաղվի անվտանգության եւ բանակի հարցերով:

Համաձայն միության ներկայացուցիչների հայտարարության՝ մշակված առաջարկները պետք է դառնան «ժամանակավոր սահմանադրության մասը, որը կորոշի չորս տարվա կտրվածքով սահմանված անցումային շրջանի հիմնական սկզբունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ