
ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում Իդլիբի ապաէսկալացիայի գոտում զինյալների կողմից ռազմական գործողությունների ռեժիմի հաճախակի դարձած խախտումները, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:
«Շարունակվել է Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարեւոր կողմերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը՝ շեշտադում կատարելով Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրությանը՝ զինյալների կողմից ռազմական գործողությունների ռեժիմի հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Էրդողանը Պուտինին հայտնել է Իդլիբում էսկալացիայի ռիսկերի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Իդլիբում հրադադարի լուրջ խախտումների կապակցությամբ եւ դրանում մեղադրել Սիրիայի իշխանություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների դեպարտամենտի պետ Ֆահրեթին Ալթունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում Սիրիայի ռեժիմի կողմից զինադադարի խախտումները հասել են տագնապալի չափերի:
«Խաղաղ բնակիչների, դպրոցների եւ հիվանդանոցների վրա հարձակումները հնարավոր չէ բացատրել ահաբեկչության դեմ պայքարով»,- Twitter-ում գրել է Ալթունը:
Նշվում է, որ երկու նախագահները հայտնել են, որ հանձնառու են Իդլիբի վերաբերյալ Սոչիի հուշագրին: Էրդողանը նշել է, որ դրա իրագործման ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն վերջին երկու շաբաթների ընթացքում շարունակվող հարձակումները կարող են վնաս հասցնել կողմերի ընդհանուր նպատակներին:
Իրադրությունը Բոսնիա եւ Հերցեգովինայում
Նախագահները հեռախոսով քննարկել են Բոսնիա եւ Հերցեգովինայում կառավարական ճգնաժամը, նշված է թուրք առաջնորդի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
«Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է Բոսնիա եւ Հերցեգովինայում կառավարական ճգնաժամի հարցին՝ նշելով հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Բոսնիա եւ Հերցեգովինայի նախագահության ղեկավարի ամեն 8 ամիսը մեկ փոփոխությունը եւ սեփական բանակ կազմավորելու անհնարինությունը այս երկրի համար լուրջ խնդիրներ են:
Ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի գագաթնաժողովի նախապատրաստումը
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ գագաթնաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի կունենա ապրիլին Մոսկվայում, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:
«Քննարկվել է այս տարվա ապրիլին Մոսկվայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացման նախապատրաստման հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հեռախոսային զրույցի ժամանակ Ռուսաստանի առաջնորդը դիմացինին ջերմորեն շնորհավորել է 65-ամյակի առիթով, նշել նրա անձնական մեծ ներդրումը ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման մեջ: