News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում այսօր տեղի ունեցավ ԵՊՀ 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵՊՀ-ն նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ Գյումրիում եւ Երեւանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, որոնցից մեկը ԵՊՀ հոբելյանական հանձնաժողովի նիստն էր՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ:

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորը շնորհավորեց ներկաներին եւ տեղեկացրեց, որ հարյուր տարի առաջ՝ այս օրը, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:

Արամ Սիմոնյանը փաստեց, որ հոբելյանական տարին հեշտ չի անցկացվում: Նրա խոսքով, հարյուրամյա հոբելյանը պետականորեն տոնելու մասին չի քննարկվում. «Մի կողմից՝ մենք տխրում ենք, մյուս կողմից՝ հասկանում ենք, թե ինչով է այն պայմանավորված: Անկախ ամեն ինչից՝ արդեն երեք տարի է, ինչ կազմվել է 100-ամյակի միջոցառումները համակարգող հոբելյանական հանձնաժողովը»:

ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ հանձնաժողովը բաղկացած է 47 անդամներից, սակայն նիստին մասնակցում են ոչ բոլորը, քանի որ այս շրջանում անցկացվում են ավարտական աշխատանքների պաշտպանություններ. «Բացի դրանից՝ այսօր ԵՊՀ-ում մեկնարկել է «Erasmus +» ծրագրի շրջանակում կազմակերպված մեծ գիտաժողովը, որի աշխատանքներին ներգրավված են մեր հանձնաժողովի անդամներից շատերը: Այն կարեւոր գիտաժողով է՝ նվիրված կրթության նորարարական մեթոդների կիրառմանը: Ծրագրի համակարգողը հենց ԵՊՀ-ն է»:

Նիստի ընթացքում Արամ Սիմոնյանը ներկայացրեց ԵՊՀ 100-րդ հոբելյանական տարեդարձի առթիվ ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը:

Նրա հավաստմամբ, ԵՊՀ 100-ամյակի նվիրված միջոցառումների շրջանակում արդեն կազմակերպվել եւ դեռ կազմակերպվելու են միջազգային, հանրապետական եւ ֆակուլտետային գիտաժողովներ, դասախոսություններ, սեմինարներ, հանդիպում-քննարկումներ:

«Ծրագրված են բազմաթիվ հրատարակություններ, որոնցից շատերն արդեն լույս են տեսել: Մասնավորապես լույս է տեսել «Երեւանի պետական համալսարանի պատմությունից» գիրք-ալբոմը, որը շուտով կտարածվի նաեւ ֆակուլտետներում:

Հրատարակվել են նաեւ մի շարք գրքեր, որոնց մեծ մասի շնորհանդեսներն արդեն տեղի են ունեցել: Բացի դրանից՝ տպագրվել են մի շարք այլ աշխատություններ, գրքույկներ: Առաջիկայում նույնպես կհրատարակվեն նոր աշխատանքներ»,- նշեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորի փոխանցմամբ, իրականացվում են տպագիր եւ համացանցային լուսաբանումների, գովազդային աշխատանքներ. «Հեռուստատեսային լուսաբանումների աշխատանքների շրջանակում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության կողմից նկարահանվում է ԵՊՀ 100-ամյակին նվիրված ֆիլմ, որը կլինի երկու տարբերակով»:

ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Արամ Սիմոնյանի հավաստմամբ, ծրագրված են ցուցահանդեսներ, որոնք ինչպես ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների մտքերի արգասիքն են, այնպես էլ համալսարանի վերաբերյալ պատմական փաստաթղթերի, արտերկրից համալսարան այցելած հյուրերի, նաեւ ՀՀ տարբեր կազմակերպությունների եւ անհատների նվիրած հուշանվերների ցուցադրություններ. «Կազմակերպվելու է նաեւ 100 տարում ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքերի ցուցահանդես»:

«Կազմակերպվել եւ կազմակերպվելու են ուսանողական ինտելեկտուալ, մշակութային եւ մարզական մի շարք միջոցառումներ, հանրային ներգրավման, բարեգործական միջոցառումներ, ինչպես նաեւ ԵՊՀ-ի խորհրդանշմանը նվիրված տարբեր ձեւաչափերի միջոցառումներ, որոնք տեղի կունենան ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում եւ Արցախում»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով սեպտեմբերին նախատեսված տոնակատարությունների ծրագրի ժամանակացույցին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց, որ արտասահմանյան հյուրերի ժամանումը նախատեսված է սեպտեմբերի 24-25-ը. « Պաշտոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 26-ին: Այդ օրը նախատեսվում է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ կընդունվի ակադեմիական ազատության մասին հռչակագիրը, ապա տեղի կունենան պարգեւատրումներ»:

Սեպտեմբերի 27-ին անցկացվելու են «Բարձրագույն կրթությունը, հետազոտությունը եւ նորարարությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային խորհրդաժողով, ապա պաշտոնական հանդիսավոր արարողություն Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ծրագրի շրջանակում նախատեսված են նաեւ մշակութային միջոցառումներ եւ ճանաչողական այցեր:

ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանին ներկայացվել է դիմում՝ նշանավոր համալսարանականների անունով փողոցներ անվանակոչելու վերաբերյալ: Նրա հավաստմամբ, այս ընթացքում կատարվել եւ կատարվում են շինարարական աշխատանքներ, ընթացքի մեջ են բարեկարգման ծրագրերը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկեցին ներկայացված ծրագիրը եւ հանդես եկան առաջարկություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ