News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ մայիսի 27-ին, ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության կատարած բազմաբնույթ ու ծավալուն գործունեությունը եւ արժեւորել Ժնեւի կոնվենցիաների դրույթներով ամրագրված պարտավորությունների կատարման աշխատանքներին նպաստելը:

Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պաշտպանության գործառույթների նորանշանակ համակարգող տիկին Ինսկե Վանդորմաելին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթելով հաջողություններ պատասխանատու գործում: Միաժամանակ Դ. Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի ժնեւյան կենտրոնակայանից Հայաստան գործուղված զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին՝ ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ինտեգրման մակարդակի գնահատման ուղությամբ ծավալուն աշխատանքի համար:

Քաղաքակիրթ երկրների զինված ուժերի պատրաստության եւ կիրառման գործընթացներում մեծ տեղ է հատկացվում ՄՄԻ սկզբունքների եւ դրույթների իրագործմանը՝ ռազմական ուժի նպատակային, համաչափ եւ տարբերակված գործադրումը, անհարկի մարդկային տառապանք չպատճառելը, քաղաքացիական անձանց պաշտպանվածությունը եւ ռազմագերիների նկատմամբ պատշաճ վարվեցողության երաշխավորումը: Չնայած անմիջական ռազմական սպառնալիքների առկայությանը եւ հակառակ կողմից փոխադարձության բացակայությանը, հայկական կողմը խիստ կարեւորում է տվյալ մարդասիրական նախաձեռնության իրականացումը եւ համատեղ գնահատման միջոցառումների արդյունքներով ԿԽՄԿ հետ ստորագրելու է ՄՄԻ-ի ինտեգրման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաեւ ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի եւ ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաեւ 2018թ. հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին, ով շինծու մեղադրանքների եւ բեմականացված դատավարության արդյունքում 2019թ. փետրվարին Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազարկման: Դավիթ Տոնոյանը եւ Քլեր Մեյթրոն  կարեւորել են Երեւանում եւ Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ Կ.Ղազարյանին կանոնավոր կերպով տեսակցելու, ինչպես նաեւ ընտանիքի հետ նամակագրության նրա իրավունքի պատշաճ իրացումը երաշխավորելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ