News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Ստալինի նախկին ամառանոցը եւ եւս չորս բարձիթողի հանգստյան տներ Ծխալթուբոյում (Քութայիսից 15 կիլոմետր հեռու) կսեփականաշնորհվեն։ Այս մասին տեղեկացրել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Գույքի ազգային գործակալությունում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

«ԱՊՀ երկրներում հանրահայտ բրենդ լինելով՝ Ծխալթուբոն սպասարկում էր 300 մլն մարդու։ Ամառանոցը հարուստ է եզակի հանքային ջրերով։ Ծխալթուբոյի աղբյուրներն օգտագործվում են որպես հավելում հիվանդությունների բուժման ժամանակ, ներառյալ սրտանոթային, հենաշարժողական, նյարդային, գինեկոլոգիական եւ մաշկային հիվանդությունները»,- ասվում է գործակալության կայքում։

Բացի Ստալինի ամառանոցից, խոսքը «Իմերեթի», «Բարեկամություն», «Ֆիլիալ» եւ «Սավանե» տների վաճառքի մասին է։ Ընդհանուր արժեքը 21 մլն լարի է (7,5 մլն դոլար)։

Ինչպես լրագրողներին ասել են գործակալությունում,  վաճառքից հետո դրանց նշանակությունը չի փոխվի, եւ բարձիթողի շենքերը կվերասարքավորվեն հյուրանոցների։ Միաժամանակ, սեփականաշնորհման կոնկրետ պայմանները որոշվելու են ներդրողի շահերի հիման վրա։

Սեփականաշնորհման արժեքը սահմանվել է 2018-ին։ Ամենաթանկը դրանցից Ստալինի ամառանոցն է։ Խորհրդային առաջնորդի նստավայրը, որը կառուցվել է 1940-ին ճարտարապետ Նիկոլայ Սեւերովի կողմից, գնահատվել է 8,4 մլն լարի (ավելի քան 3 մլն դոլար)։ Համալիրի մակերեսը 250,7 հազար քառակուսի մետր է։

5,2 մլն լարի (1,8 մլն դոլար) գործակալությունում գնահատել են «Բարեկամություն» առողջարանը։ Առողջարանի մակերեսը, որը կառուցվել է 1937-ին, կազմում է 104,1 հազար քառակուսի մետր։

1961-ին կառուցված «Իմերեթին» նախատեսված է 300 անձի համար եւ զբաղեցնում է 41,1 քառակուսի մետր տարածք։ Նախնական արժեքը 3 մլն լարի է, (1 մլն դոլար)։

«Նախկին «Ֆիլիալ» առողջարանի համար  սահմանվել է 1,9 մլն լարի (707,6 հազար դոլար)։ Կառուցվել է 1939-ին, 34 հազար քառակուսի մետր մակերեսով։

«Սավանեն» (2 մլն լարի կամ 739,5 հազար դոլար) ամենափոքրն է հինգ առողջարաններից, որոնք ներկայացված են վաճառքի։ 1975-ին կառուցված համալիրը հաշվարկված է 150 անձի համար եւ զբաղեցնում է մոտ 14,5 հազար քառակուսի մետր տարածք։

Անմիջապես վաճառքից առաջ առոջղարանների արժեքը կվերանայվի։ Դա նշանակում է, որ մասնավորեցման արժեքը կարող է հայտարարվածից ցածր լինել կամ մնալ առանց փոփոխության։

Ծխալթուբոն հայտնի է իր ռոդոնային հանքային ջրերով։ 17-րդ դարի պատմական աղբյուրներում դրանք հիշատակվում են որպես «անմահության ջրեր»։ 1920-ին աղբյուրներն անցան պետության հսկողության տակ եւ ստացան առողջարանային գործառույթ։ Խորհրդային շրջանում Ծխալթուբոյում կառուցվել է 19 առողջարան եւ պանսիոնատ։

1991-ին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, դրանք բոլորը հանվեցին շահագործումից։ Դրանցից շատերը բնակեցվեցին փախստականներով, որոնք ստիպված էին հեռանալ Աբխազիայից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ