News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չհիմնավորված է համարում երկրում վեթինգի ինստիտուտի ներդրումը: Նա իր կարծիքը հայտնեց լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ դա իր անձնական կարծիքն է:

Նրա խոսքով՝ վեթինգի եւ անցումային արդարադատության ներդրումը հիմնավորված չէ՝ ինչ էլ այս ընթացքում ասվի: Մանուկյանը նշեց, որ կոռուպցիա կա, եւ ոչ ոք այս հարցում չի վիճում: Այդ մասին են վկայում նաեւ միջազգային հետազոտությունների արդյունքները: Սակայն Հայաստանն այդպիսի ցուցակներում զբաղեցնում է ավելի շահեկան դիրքեր այլ հետխորհրդային հանրապետությունների համեմատությամբ, այսինքն վիճակը վատ է, բայց կան էլ ավելի վատթար վիճակներով երկրներ:

«Վեթինգը եւ անցումային արդարադատությունը ժամանակավոր միջոցներ են, իսկ հանրության մոտ տպավորություն է ստեղծվում, թե սա համադարման է»,- նշեց Վազգեն Մանուկյանը՝ հիշեցնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի փորձեր են ձեռնարկվել դեռեւս հին Բաբելոնում եւ Հռոմում: Այնուհետեւ շարունակեց, թե չպետք է մտածել, որ ժողովրդավարության միջնաբերդ Եվրոպայում կոռուպցիա չկա: Փորձագիտական խմբերի տեղեկություններով՝ Ֆրանսիայի տնտեսության 12 տոկոսը ստվերում է, Ամերիկայի տնտեսության՝ մոտ 7-8 տոկոսը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը հեշտ գործ չէ, եւ կտեւի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տարիներ: Կոռուպցիայի դեմ անհրաժեշտ է պայքարել օրենքներով, եթե պետք է փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ»,- կարծում է Վազգեն Մանուկյանը: Նա հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը Ալբանիայում վեթինգի ներդրումը վտանգավոր է համարել եւ այն արդարացված է համարում միայն ֆաշիզմից, տոտալիտարիզմից, բռնապետությունից ժողովրդավարության երկրի անցման դեպքում: «Հայաստանն այդպիսի երկիր չի եղել: Հայաստանում գործել են ժողովրդավարական պետության բոլոր ինստիտուտները: «Քաղբանտարկյալ» տերմինը կարելի է կիրառել 3-4 անձանց համար: Անցած տարվա ընթացքում նման ոչ մի ինստիտուտ չի ավելացել: Վեթինգի եւ անցումային արդարադատության ինստիտուտների արդարացված ներդրման համար մենք պետք է ամբողջ աշխարհին համոզենք, որ մեզ մոտ տոտալիտար պետություն է եղել: Իսկ դա մեզ պե՞տք է»,- հարց տվեց Վազգեն Մանուկյանը:

Ի պատասխան հարցին՝ անհրաժեշտ է արդյոք 2016 թվականի ապրիլյան իրադարձությունները պարզելու հանձնաժողովը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը դա էլ է վտանգավոր եւ վնասակար համարում: «Բայց այն ստեղծվել է, եւ չեմ ցանկանում մեկնաբանել: Թող աշխատի, տեսնենք արդյունքը: Չեմ ցանկանում իրադարձությունները կանխագուշակել»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը:

Նշենք, որ այսօր նախատեսված էր Հանրային խորհրդի նիստը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ եւ անցումային արդարադատության հարցերի քննարկում: Նկատի ունենալով, որ նախարարը չի կարողացել ներկայանալ, նիստը տեղափոխվել է հաջորդ երկուշաբթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ