News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տեւական ժամանակ է՝ Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից եւ պնդում՝ աշխատում են շաբաթական 40 ժամ, սակայն ստանում են նվազագույն 55 հազար դրամից մի քանի անգամ պակաս աշխատավարձ։ Այս խնդրով NEWS.am-ը զրուցեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ։

Նա նշեց, որ այսօր աշխատողներին թույլ չեն տվել ներս մտնել գործարան, ավելին՝ «Սասստեքս» ընկերությունը ցանկանում է պարտադրել աշխատակիցներին նոր աշխատանքային պայմանագիր կնքել. «Շաբաթ օրը թեթեւ արդյունաբերության աշխատողների արհմիությունների նախագահ Սրապիոն Առաքելյանի հետ պայմանավորվել են, որ երկուշաբթի օրվանից աշխատելու են, որը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ աշխատողներին չեն թողել աշխատանքի մտնել՝ պատճառաբանելով, որ պետք է նրանց հետ նոր պայմանագրեր կնքվեն, որը հնարավորություն կտա տուգանել աշխատողներին վատ աշխատանքի համար, իսկ մինչեւ չկնքեն նոր պայմանագրերը, աշխատողներին աշխատանքի չեն թողնելու։ Այսօր 08.30–ին գնացել են գործի, սակայն նրանց ներս չեն թողել»։

Վարդան Գրիգորյանի խոսքով՝ աշխատակիցները չեն պատրաստվում նոր աշխատանքային պայմանագրեր կնքել. «Պարտադրում են աշխատողներին նոր պայմանագիր կնքել, աշխատողները դժգոհում են եւ նշում, որ օրինական չէ գործող պայմանագրերը խզելն ու նոր աշխատանքային պայմանգրեր կնքելը։ Այս պայմանագրերը նախատեսված են մինչեւ հինգշաբթի կնքել։ Գրեթե բոլորն էլ դժգոհ են, բոլորն էլ չեն ուզում, որ իրենց նկատմամբ տույժեր կիրառվեն, միաժամանակ դժգոհում են, որ ընկերության սարքավորումները լավ չեն աշխատում, փչանում են, դրա համար հնարավոր չի լինում բարձր արդյունավետություն ապահովել։ Աշխատողները պնդում են, որ իրենք որակական խնդիրներ չեն տեսել, իրենց չի էլ ներկայացվել այդպիսի խնդիր, ասել են՝ լավ չեք աշխատում եւ վատ որակի արտադրանք եք տվել, այդ պատճառով քիչ աշխատավարձ են ստանում»։

Փոխմարզպետը նշեց նաեւ՝ նոր պայմանագրերը, որ առաջարկում է «Սասստեքս» ընկերությունը, աշխատավարձի մասով որեւէ փոփոխություն չեն նախատեսում, դրանով ընկերությունը ցանկանում է տույժերը օրինականության դաշտ բերել. «Նոր պայմանագրերում փոփոխություններ նախատեսվում են միայն տույժերի մասով, որպեսզի գործատուն կարողանա տույժեր կիրառել աշխատակիցների նկատմամբ։ Հաշվարկման բանաձեւեր են ներդրել, որ աշխատողները, 40 ժամ աշխատելով, կարող են նվազագույն աշխատավարձից էլ քիչ ստանալ, սակայն հաշվի չեն առել, որ դա անօրինական է։ Ինչ մեխանիզմ էլ ներդնեն, 40-ժամյա աշխատանքի դեպքում նվազագույն աշխատավարձը 55 հազարից պակաս չի կարող լինել։ Նոր պայմանագրերում նախատեսվում է հաշվարկային մեծությունը թողնել 55 հազար դրամը, սակայն աշխատավարձից հանել տույժերը, այսինքն՝ վճարեն, ապա հետ գանձեն։ Մեծ հաշվով նույնն է ստացվում, բայց հարցը ուզում են բերել օրենքի դաշտ»։

Վարդան Գրիգորյանի խոսքով՝ «Սասստեքսի» ներկայացուցիչներին հրավիրել են մարզպետարան բանակցությունների, սակայն ընկերության տնօրենը՝ Քրիստիան Գելեջին, երկրում չէ, այլ ներկայացուցիչներ էլ չեն եկել. «Մարզպետի հետ քննարկեցինք, ամենաճիշտ տարբերակն այն է, որ կառավարության տրամադրած փաթեթը, որով ներդրումային գործունեություն են իրականացնում եւ փոխարենը ստացել են այս պատմամշակութային շենքը, պետք է նայել, թե ինչ պարտավորություններ ունի «Սասստեքսը», եւ եթե կան պարտավորություններ, որոնք չեն կատարվել, պատասխանատվության ենթարկել»։

Տպել
Ամենաշատ