News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեկ գիշերը 2 սեւազգեստ ոստիկան ծեծել են իր վարձակալած տարածքի դռները փակող քաղաքացուն, կասկածելով, թե նա թալանում է այդ տարածքը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը. «Երեկ գիշերը մի դեպք է տեղի ունեցել, որն անարձագանք չէր կարող մնալ: Քաղաքացին փակելով իր վարձակալած տարածքի դռները, երբ պատրաստվում էր տուն գնալ, նրան մոտեցել են 2 սեւազգեստ մարդիկ, հարբած, ներկայացել որպես ոստիկան: Ու կասկածելով, որ մարդը թալանում է այդ տարածքը, սկսել են հրելով մտցնել մեքենան»,- պատմեց պատգամավորը եւ նշեց, որ ոստիկանները ծեծելով եւ բրդելով մարդուն մտցրել են մեքենան, մեքենայի մեջ էլ են ծեծել, հետո հասցել են ոստիկանական բաժանմունքի մոտ, հանել են մեքենայից, բաժանմունքից էլի ոստիկաններ են դուրս եկել, եւ շարունակել են ծեծել:

«Հետո նոր մի ոստիկան է մոտեցել, ճանաչել մարդուն, որ նա իր տարածքի վարձակալն է, ասել են՝ լավ դե գնա:  Քաղաքացուն բռնել են, ծեծել ու բաց թողել ոչ մի բանի համար։ Ես պնդում եմ, որ սա չպետք է անհետեւանք մնա»,- ասաց նա եւ ավելացրեց, որ հանցագործության մասին արդեն հաղորդում է տվել:

«Ես ոստիկանապետի ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա: Ցավում եմ, որ վարչապետի հորդորը՝ սեւազգեստ մարդկանց դեմ պայքարելու, ոստիկանությունն այսպես է  ընկալել»,- ասաց նա եւ ելույթի վերջում կոչ արեց ոստիկանությանը անհապաղ գնալ գործի հետքերով, եւ ամենախիստ պատժի արժանացնել նման ոստիկաններին:

Գորգիսյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ դրամատիզացնելու կարիք չկա, քանի որ հանցագործություններ բոլոր երկրներում տեղի են ունում, եւ առաջարկեց նրան դիմել պատկան մարմիններին։

Տպել
Ամենաշատ