News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ համագործակցությունն իրագործելի է եւ նույնիսկ անխուսափելի: Այս մասին ասել է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձեւավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես նշել է.

«Այսօր Հայաստանն ապրում է իր նորագույն պատմության կարեւորագույն ժամանակաշրջանում: Քաղաքական կայունության եւ իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն եւ ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության եւ օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա:

Ո՞րն է այդ փոփոխությունների էությունը: Հակիրճ կարելի է ասել, որ դրանք ուղղված են մեր քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական եւ բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների եւ տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: Այս բոլոր դժվարությունները որոշակի ձեւով խթանում են մեզ մրցունակության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական գործողությունների:

Ի՞նչ է դա նշանակում մեզ համար:

Առաջին հերթին դա պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է։ Կարող եմ վստահաբար ասել, որ այդ առումով մեզ արդեն հաջողվել է շոշափելի արյդունքների հասնել։ Արմատախիլ է արվել համակարգային կոռուպցիան։ Երկրում նվազագույնին է հասցվել արհեստական մենաշնորհների եւ օլիգոպոլիաների գործունեությունը։

Այնուամենայնիվ, մեր երկրի տնտեսական եւ քաղաքական միջավայրի առողջացման ուղղությամբ գործողությունների ընթացքում մենք բախվեցինք մի հիմնարար խնդրի:

Երկրի դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր եւ օրենսդիր ճյուղերի, որտեղ ինստիտուտների օպտիմալացման հարցում կա որակական առաջընթաց, որեւէ շոշափելի փոխակերպման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության զգալի անկում է եղել: Եվ սա, իր հերթին, լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար:

Կապիտալի պաշտպանության, տնտեսական գործունեության համար հավասար պայմանների ստեղծման, օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ մեր բոլոր ջանքերը չեն բերի ցանկալի արդյունքի, եթե դատական համակարգը որակապես չփոխվի:

Հետեւաբար, իսկապես անկախ, կոռուպցիայից ազատ դատական համակարգի ստեղծումն այսօր մեր հասարակության համար հրատապ խնդիր է եւ Հայաստանի կառավարության բարեփոխման ռազմավարության առաջնահերթություն:

Երկրորդն արտաքին տնտեսական հարաբերությունների ներուժի լիարժեք օգտագործումն է եւ միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարեւոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսան կենտրոններին:

Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը եւ ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման եւ մեր միության անդամների միջեւ ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաեւ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:

Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում:

Որպես ԵԱՏՄ անդամ, մենք կարեւորում ենք ինստիտուցիոնալ համագործակցությունը տարբեր ինտեգրացիոն միությունների եւ նախագծերի միջեւ: Ես առաջնային եմ համարում ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգակցման գաղափարի իրականացումը: Դա բավական տրամաբանական է եւ ռացիոնալ:

Ես նաեւ հեռանկարային եմ համարում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ համագործակցության խորացման քաղաքականությունը: Կարծում եմ, որ եթե ոչ մոտ ապագայում, ապա ցանկացած դեպքում, միջնաժամկետ հատվածում, նման համագործակցությունն իրագործելի է եւ նույնիսկ անխուսափելի

Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը մենք մտադիր ենք առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման եւ իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որեւէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:

Երրորդը` պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է: Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր եւ գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար:

Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի եւ մաթեմատիկայի լավ դպրոց, եւ այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու եւ օգտագործելու համար:

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը եւ նրա ամենախոստումնալից ոլորտը:

Կրթություն եւ նորարարություն, համագործակցություն եւ ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում եւ լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները եւ հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:

Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք եւ հարստացրեք»:

Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը:

Լիագումար նիստին մասնակցել են նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը եւ չինական CGTV հեռուստաընկերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ում սննդամթերքի 9 տոկոսը «գաղտնի» բաղադրիչներ է պարունակում
Սննդի որակի վերահսկման ազգային ծառայությունների որոշ դիտարկումների համաձայն արեւմտյան Եվրոպայում նույն բրենդների արտադրանքի...
Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը...
Անընդունելի են բարեփոխումները, որոնց ժամանակ կարող են խախտվել մարդու իրավունքները. ԵՄ ներկայացուցիչ
ԵՄ ներկայացուցիչը հիշեցրեց, որ Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում կայացավ բարձր մակարդակի հանդիպում...
Թուրքիայի դեմ ԵՄ պատժամիջոցները ժամանակ են պահանջում. Կիպրոսի նախագահ
Նա նշել է, որ իրեն «տխրեցնում է» այն, որ անցած շաբաթ Եվրոպական խորհուրդը չի կարողացել անհապաղ հայտնել Անկարայի դեմ պատժամիջոցների սահմանման մասին ...
Եվրամիության երկրները կրճատել են ապաստանի տրամադրման թիվը
Խնդրողներին ապաստանի տրամադրումը ԵՄ-ում կրճատվել է...
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է նախարար...