News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող N 181 հիմնական դպրոցի բակում այսօր՝ հունիսի 7–ին, աշակերտների ծնողներն ու հարակից մանկապարտեզների երեխաների ծնողները բողոքի ակցիա են արել։ NEWS.am-ի հետ զրույցում նրանք դժգոհեցին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը փորձում է տիրանալ իրենց դպրոցին։

Երեկ կառավարության որոշմամբ 117 միլիոն դրամ է հատկացվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» միջոցառման շրջանակում, եւ ծնողները մտավախություն ունեն, որ Աշոտ Բլեյանը իր կրթահամալիրի ծրագիրը կպարտադրի իրենց երեխաներին։

«Իմ երեխան սովորում է այս դպրոցում։ Ես չեմ ուզում՝ սովորի Բլեյանի ծրագրով, այն ինձ բացարձակ դուր չի գալիս։ Եթե իմ երեխան կարող է անվճար սովորել, ինչո՞ւ ես ամսական վճարեմ 20 հազար դրամ, դրանով ես տակդիր կգնեմ, իմ երեխուն կարուսել կտանեմ»,- ասաց ծնողներից մեկը։

Ծնողների խոսքով՝ Աշոտ Բլեյանը մտադիր է N181 հիմնական դպրոցը եւ նույն թաղամասի 3 մանկապարտեզները ներառել իր ծրագրի մեջ եւ այդպիսով տիրանալ դրանց․ «Ինչ որ կատարել ենք հեղափոխության ժամանակ, նույնն էլ կատարելու ենք հիմա, սա պակաս հեղափոխություն չի։ Բլեյանը բռնի ուժով փորձում է տիրանալ տարրական կորպուսին։ Ես խնդրում եմ թող ձեռքերը հեռու պահի մեր դպրոցից եւ մանկապարտեզներից։ Շուրջ 25 տարի պարոն Բլեյանը պայքարում է այս դպրոցի համար։ Ամեն տարի մեզ սթրեսի մեջ է պահում, չի թողնում մեր տարածքը կանաչապատենք։ Դասի ժամանակ երեխային սովորեցնում ենք, թե ինչպես ծառ տնկել, բահը երեխայի ձեռքին, Բլեյանը վազելով գալիս է ասում, այստեղ ծառ չտնկե՛ք, «էս սարն իմն է, էս ծառն իմն է»։

Աշոտ Բլեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե նպատակ չունի իր ծրագիրը տանել այդ դպրոց, նպատակը միայն մեկն է՝ ունենալ ընդհանուր կանաչ եւ բարեկարգ տարածք։ Ընդ որում՝ նշեց, որ իրենց ծրագիրը բաց ներկայացված է կրթահամալիրի պաշտոնական էջում.   «Խելամիտ կլիներ, որ 181 հիմնական դպրոցը եւ 3 մանկապարտեզները միավորվեին մեկ կրթահամալիրի մեջ, բայց ոչ մեր։ Ինչ վերաբերում է մեր ծրագրով այնտեղ դասավանդելուն՝ դա չի կարող լինել, դա հնարավոր չէ, ես բացառում եմ։ Թող լինի դպրոց-պարտեզ, որտեղ կլինի 6–7 մանկապարտեզ, ծնողը երեխայի ձեռքից բռնի մեկը մտնի այս դուռը, մեկը մտնի այն դուռը»,- եզրափակեց նա։

Տպել
Ամենաշատ