
Ինդոնեզիայի ուժային կառույցների 4 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձին մասնակցած վարձկաններից մեկը՝ Իվան Կուրնիավան մահափորձի կազմակերպիչ է անվանել բանակի ռազմավարական ռեզերվի հրամատարության նախկին ղեկավար, պահեստազորի գեներալ-մայոր Կիվլան Ցզենին, հայտնում է ինդոնեզիական Tempo ամսագիրը:
Կուրնիավան նաեւ հայտարարել է, որ նախապես իրեն հանձնարարվել էր սպանել գործող նախագահ Ջոկո Վիդոդոյին, սակայն հետո կազմակերպչի ծրագրերը փոխվել են:
Կիվլան Ցզենը հայտարարել է, որ «այդ մասին ոչ մի բան չգիտի» եւ մեղադրանքը հերքում է, նշում է պարբերականը:
«Կիվլանի դեպքում ազգային գործիչների սպանության կազմակերպման ոչ մի իմաստ չկար»,- ամսագրին ասել է նրա փաստաբան Մուհամմեդ Յունտրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանցագործները ծրագրել են մահափորձ կատարել Ինդոնեզիայի ծովային հարցերով համակարգող-նախարար Լուհուտ Փանջիանատայի, ազգային հետախուզական վարչության ղեկավար Բուդի Գունավանի եւ նախագահի անվտանգության ու հետախուզության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորիես Մերեի դեմ: Ոստիկանությունն ապահովել է պաշտոնյաների անվտանգությունը: